12:47 | 07.05.20 | Նորություններ | 2160
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ասել է, որ նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական իրավիճակը բացասաբար է ազդել նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծառայող ընկերությունների վրա:
«Նախարարությունը հարցում է իրականացրել 185 ընկերությունների շրջանակում, որի արդյունքում պարզվել է, որ նրանց 54%-ի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել: Իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների միջինում 45%-ի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից, կառավարությունը մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որը ոլորտի տնտեսվարողներին դրամաշնորհային փաթեթներ կտրամադրի:
Դրամաշնորհները կտրամադրվեն 3 ուղղությամբ՝
Նորարարական դրամաշնորհներ՝ 10 մլն դրամ, կտրամադրվի վերջին 2 տարում Հայաստանում գրանցված եւ պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողներին:
Կայացած ընկերությունների դրամաշնորհներ՝ 20 մլն դրամ, կտրամադրվի 2 տարուց ավելի գրանցված եւ ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ:
Համաֆինանսավորման դրամաշնորհներ՝ 100%-ի չափով համաֆինանսավորում, սակայն ոչ ավել քան 30 մլն դրամ, կտրամադրվի տեխնոլոգիական ընկերություններին, որոնք կներգրավեն փաստաթղթավորված եւ հաստատված ներդրումներ:
Հակոբ Արշակյանը հավելել է, որ դրամաշնորհների համար ներկայացված հայտերի գնահատումը կիրականացնի մասնագիտական մրցութային անկախ հանձնաժողովը, որը կազմված կլինի ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից եւ պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։