10:31 | 04.05.20 | Նորություններ | 1403
Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը, ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ հեռավար զրույցի ժամանակ:
«Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից մեկը տաղանդավոր, երիտասարդ, լավ կրթված մարդկանց ներգրավումն է։ Այս համատեքստում շատ կարեւոր է դառնում կրթությունը։ Հնարավոր չէ մտածել ստեղծագործ, ինովացիոն միջավայրի մասին, առանց կրթության... Մենք փոքր երկիր ենք, հեռու մեծ շուկաներից, բայց 21-րդ դարը նոր հնարավորություններ է բացում: Եթե կարողանանք ճիշտ հարաբերությունները կառուցել, ապա մեր զարգացման համար կարող ենք օգտվել նաեւ միջազգային հիմնադրամներից։ Կարեւոր է նաեւ, որ այն ստարտափներն, անհատները, որոնք օգտվում են նման ֆինանսական միջոցներից, ի վերջո, մնան Հայաստանում եւ դառնան Հայաստանի լավ գործարար քաղաքացիներ»,- նշել է նա:
Ստարտափների զարգացման համար նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել կրթություն-արդյունաբերություն-շուկա կապը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը:
«Գաղափարը հետեւյալն է. մեծ ընկերություններին բերել Հայաստան, որպեսզի համատեղ ստեղծվեն լաբորատորիաներ ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում,-ասել է նախագահը։- Ճիշտ կլինի, որ դրանք գտնվեն մեկ վայրում, որպեսզի կապ ունենան միմյանց հետ։ ATOM-ը կազմված է լինելու երեք մասից։ Առաջին մասը կոչվելու է Ապագայի թանգարան, որտեղ կցուցադրվի, թե կյանքն ինչպիսին է լինելու 20 տարի հետո։ Երկրորդ մասը գիտական կենտրոնն է լինելու։ Երրորդը․ աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում են Microsoft-ը, Apple-ը, Siemens-ը, IBM-ը, Dassault-ն , Thales-ը, նախնական պայմանավորվածություններ արդեն կան ստեղծելու այնպիսի միջավայր, որը նույն է, ինչ ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում։ Մենք միջավայրի, ինչպես նաեւ շուկայի կարիք ունենք։ Մենք արդեն ծրագրում ենք ATOM-ի ճարտարապետական լուծումները եւ արդեն իսկ ունենք շատ հետաքրքիր առաջարկներ»:
Պատասխանելով այն հարցին, թե կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ո՞ր ոլորտներում են բացեր ի հայտ եկել, եւ ինչ լուծումներ կարող են առաջարկել ստարտափները, Արմեն Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ է տվել վերլուծել, թե ինչպիսին էր աշխարհը կորոնավիրուսից առաջ եւ ինչպիսին է լինելու հետո, ինչպես է փոխվելու աշխարհը, եւ մենք ինչպես ենք փոխվելու: Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ ստարտափները կարող են գործունեություն ծավալել, նախագահն ասել է, որ դրանք բազմաթիվ են:
«Առողջապահության ոլորտում թիրախը պետք է լինեն առանձին անհատի պաշտպանվածությունը եւ կանխատեսվող համաճարակների կանխարգելումը,- նշել է նախագահ Սարգսյանը:- Հետաքրքիր է լինելու նաեւ սննդի անվտանգության ոլորտը: Սա շատ էական ոլորտ է բոլոր պետություններում՝ սկսած ԱՄՆ-ից վերջացրած Հայաստանով: Մենք ունենք չորս հարեւան երկիր։ Պետք է լինենք ինքնաբավ: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որով կարողանանք եւ՛ արտադրել, վաճառել ավելցուկը, արտահանել այն, եւ՛ ստանալ մթերք այլ երկրներից: Ե՛վ Հայաստանը, եւ՛ Արցախն այս ոլորտում ունեն հսկայական պոտենցիալ՝ նոր տեսակի ուտելիքներ, որոնք կարող են արտադրել նոր տեխնոլոգիաներով եւ օգտագործելով նոր գաղափարներ:
Ստարտափը միայն էլեկտրոնայինը չէ: Ստարտափը եւ՛ գյուղատնտեսականն է, եւ՛ սպասարկման ոլորտը, եւ՛ ֆինանսական գործիքները,-նշել է նախագահը:- Համաշխարհային շուկայում փոփոխություններ են տեղի ունենում: Դա նշանակում է, որ բանկային համակարգը փոփոխման ճանապարհին է: Մենք գնում ենք դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ եւ էլեկտրոնային սպասարկում: Հետեւաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որոնք դուք պետք է ստեղծեք, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ: Ցանկացած ոլորտում անելիք է լինելու: Մենք ավելի ենք գնահատելու մեր առողջությունը, դրա հետ կապված բնապահպանական խնդիրները, ժամանցի կազմակերպումը: Բոլոր ոլորտներում ձեզ համար լինելու են հնարավորություններ»: