12:31 | 29.04.20 | Նորություններ | 2238
Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն արդեն հնարավորություն ունեն ժամանակի իրական ռեժիմում գումար փոխանցել ՀՀ բոլոր բանկերի ցանկացած հաշվեհամարի: Ընդ որում՝ ծառայությունը նախատեսում է գումարի փոխանցում եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձանց:
Ինչպես նշել են «Թել-Սել» ընկերությունում, փոխանցման համար պարզապես պետք է մուտքագրել բանկային հաշվի համարը, փոխանցվող գումարի չափն ու նշանակությունը, եւ գործարքը կկատարվի վայրկյանների ընթացքում:
Ընկերությունում հիշեցրել են, որ սա Telcell Wallet-ի եւ Հայէկոնոմբանկի արդեն երկրորդ հաջողված նախագիծն է՝ առցանց վճարումների զարգացման ուղղությամբ. ավելի վաղ գործարկվել էր ցանկացած բանկային քարտին փոխանցման ծառայությունը:
«Telcell-ն անում է ամեն հնարավորը, որպեսզի մեր օգտատերերը այս դժվարին օրերին հասանելիություն ունենան ֆինանսական առավել մեծաթիվ ծառայությունների եւ դրանցից օգտվեն՝ առանց շփման անհրաժեշտության: Այսօր արդեն բանկային ցանկացած հաշվի համալրման բոլոր տեսակները թվայնացված են, եւ մեր հաճախորդները կարող են այդ առավելությունից օգտվել՝ առանց տնից դուրս գալու: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր լավ գործընկեր Հայէկոնոմբանկին՝ շուրջ 13 տարվա արդյունավետ համագործակցության համար»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
«Բանկը բարձր է գնահատում «Թել-Սել» ընկերության հետ երկարամյա համագործակցությունը եւ միշտ պատրաստ է աջակցել հեռահար սպասարկման հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը, որի արդյունքում Բանկի ֆինանսական ծառայությունները հաճախորդի համար դառնում են ավելի հասանելի եւ մատչելի»,- նշել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:
Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության բջջային հավելվածն է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, առցանց ակնթարթային փոխանցումներ կատարել քարտից քարտ, ինչպես նաեւ բանկային ցանկացած հաշվեհամարի, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ։ Իսկ Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է տարբեր կետերում գնումների դիմաց ակնթարթորեն վճարել Telcell Wallet-ով՝ հենց էլեկտրոնային դրամապանակի հաշվեկշռից կամ դրամապանակին կցված բանկային քարտից։