12:45 | 21.04.20 | Նորություններ | 1891

Դրեյփերի համալսարանի ամառային դասընթացների ծրագիրն ընդունում է հայտեր Հայաստանից

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ շարունակվում է Դրեյփերի համալսարանում դասընթացների մասնակցության կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:

Ապրիլի 21-ից մեկնարկել է ամառային դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացը: Հարկավոր է մինչեւ մայիսի 21-ը լրացնել հայտը՝այստեղ:

Լավագույններին ընտրելու է Դրեյփերի համալսարանի հատուկ հանձնաժողովը: Դասընթացներն անցկացվելու են հունիսի 20-ից հուլիսի 25-ը՝ Դրեյփերի համալսարանում:

Սիլիկոնյան հովտում 7 շաբաթ տեւողությամբ  ձեռներեցության եւ բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ, որը հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։ 

Դրեյփերի համալսարանում դասավանդելու են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.) Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին կներկայացնեն գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձեւերով։

Դիմել կարող են 21 տարին լրացած, անգլերենի գերազանց իմացությամբ, ստարտափի գաղափար ունեցող ՀՀ քաղաքացիները, կայացած ձեռնարկատիրական ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում այն մասնակիցները, ովքեր դիմել էին գարնան դասընթացի համար, սակայն չէին  անցել ընտրական փուլը: 

Ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով՝ հայտերի դիտարկում եւ հարցազրույց: Ամբողջ գործընթացն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի ընտրող հանձնաժողովի կողմից:

Պետական ամբողջական կրթաթոշակը ծածկելու է՝ երկկողմանի ավիատոմսի, Դրեյփերի համալսարանում 5 շաբաթ ուսանելու վարձը, համալսարանում 2 շաբաթ ավել կեցության եւ գիշերակացի վարձը (ներդրողների փուլ), աջակցելու է ԱՄՆ վիզա դիմելու ընթացակարգի հարցում: 

Տարեսկզբին արդեն իսկ իրականացվել է ծրագրի գարնանային փուլը, որի մասնակիցները կորոնավիրուսի տարածման հետ կապված ավիափոխադրումների վերականգնվելուն պես կմեկնեն ուսանելու Սիլիկոնյան հովիտ: