14:18 | 17.04.20 | Նորություններ | 2407

Թիմ Քուկը՝ COVID-19 համաճարակի եւ Apple-ի ապագայի մասին

Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը վիրտուալ ուղերձով դիմել է ընկերության աշխատակիցներին՝ COVID-19 համաճարակն անվանելով «անորոշ եւ սթրեսային պահ»:

Նա վստահություն է հայտնել, որ ընկերությունը դուրս կգա ճգնաժամից, ինչպես որ դա արել է 2008թ. ճգնաժամի արդյունքում կամ 90-ականների վերջին, երբ սնանկության եզրին էր հայտնվել:

Քուկը նշել է, որ, չնայած ստեղծված իրավիճակին, Apple-ը կշարունակի զգալի ներդրումներ կատարել հետազոտություններում եւ մշակումներում, ինչպես նաեւ ապագայի լուծումներում:

«Եթե մենք կենտրոնանանք այն ամենի վրա, ինչն ամենալավն ենք անում, եթե շարունակենք ներդրումներ կատարել, եթե խելամտորեն կառավարենք բիզնեսը եւ միասնական որոշումներ կայացնենք, եթե հոգ տանենք մեր թիմերի մասին, եթե մեր թիմերը հոգ տանեն իրենց աշխատանքի մասին, ամեն բան հիանալի կլինի», - հայտարարել է Քուկը:

Պատասխանելով աշխատատեղերի կրճատման հավանականության մասին հարցին, Apple-ի գործադիր տնօրենը հաստատել է, որ ընկերությունը ֆինանսապես կայուն է, հավելելով, որ ֆիրմային խանութների աշխատակիցները վճարվում են նույնիսկ այն ժամանակ, երբ խանութները փակ են: Քուկը նաեւ նշել է, որ ներկայում կենտրոնացած է երկարաժամկետ հեռանկարում Apple-ի ղեկավարման ուղղությամբ:

Նա տեղեկացրել է, որ COVID-19-ի դեմ պայքարում Apple-ը մի քանի հարյուր միլիոն դոլար է նվիրաբերել: Նրա խոսքով, վերջին շրջանում MacBook Air-ի, iPad Pro-ի եւ iPhone SE-ի ներկայացումներն ապացուցել են, որ ընկերությունը թույլ չի տա, որ համաճարակը խախտի իր պլանները. Apple-ը մտադիր է տարվա երկրորդ կեսին մինչեւ չորս նոր 5G iPhone ներկայացնել: