12:32 | 01.04.20 | Հոդվածներ | exclusive 9774
Հայաստանում հիմնադրված Tutor հարթակը կրթական կազմակերպություններին եւ անհատներին հնարավորություն է տալիս զրոյից կառուցել ուսումնական գործընթացները՝ դպրոցի ողջ գործունեությունը տեղափոխելով թվային հարթակ:
Հարթակը հիմնադրվել է Արամ Կարապետյանի կողմից: Թիմում ընդգրկված է 16 մասնագետ: Ներկայում համագործակցում են այնպիսի խոշոր կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են Հայաստանում Ամերիկյան համալսարանը, ՔՈԱՖ հիմնադրամը եւ ՀՀ-ում գործող գրեթե բոլոր ուսումնական կենտրոնները:
«Կրթական տեխնոլոգիաների ոլորտում ենք 10 տարուց ավելի: Հստակ պատկերացնում ենք դասապրոցեսի կազմակերպման ամբողջ գործընթացը: Կորոնավիրուսն այսօր փաստի առաջ է կանգնացրել թե՛ ուսումնական հաստատություններին, թե՛ դասավանդողներին, թե՛ կրթվողներին: Մինչ այս պահը, ուսումնական հաստատություններն արդեն իսկ ինչ-որ չափով օգտվում էին տեխնոլոգիական լուծումներից: Կորոնավիրուսը, սակայն, այս պահանջը կենսական դարձրեց»,- նշում է թիմի ներկայացուցիչ Աստղիկ Մկրտչյանը:
Նրա խոսքով, հեռավար ուսուցումն այժմ կիրառվում է ամենատարբեր իմաստներով. «հեռավար ուսուցում» են կոչում թե՛ Facebook-ի ուղիղ եթերով, թե՛ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող դասընթացները, թե՛ Zoom-ի տեսահաղորդակցումները: Դասավանդողներն էլ ստիպված են օգտագործել մի քանի գործիք՝ տվյալները սփռելով ամենուր: Աստղիկը նշում է, որ Tutor հարթակն ուսուցչին թույլ է տալիս անցկացնել ողջ դասապրոցեսը՝ առանց հարթակից դուրս գալու:
Գործունեությունը տեղափոխելով թվային հարթակ՝ ուսումնական հաստատություններն առավել արդյունավետ են իրականացնում մի շարք գործառույթներ՝ գրանցումների կառավարում, դասապլանի մշակում եւ կազմում, դասացուցակի եւ դասավանդող անձնակազմի կառավարում, հաճախումների գրանցում եւ ստուգում, առաջադրանքների հանձնարարում, դրանց հավաքում, ստուգում, հետ հանձնում, ամեն դասի համար ուսումնական նյութի որոնում եւ մշակում, հաղորդակցում եւ ծանուցում:
Աստղիկի խոսքով, որպես համապարփակ լուծում՝ Tutor-ը չունի անմիջական մրցակիցներ՝ թե՛ հայկական, թե՛ միջազգային շուկայում:
«Պետք է, սակայն, նշել, որ ամենուր քայլեր արվում են կրթական գործընթացի այս կամ այն հատվածը թվայնացնելու գործում: Մենք համագործակցում ենք ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այս առումով ունենք ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ»,- նշում է նա:
Tutor-ի առաջնային նպատակը ուսումնական հաստատությունների պրոցեսներն առավելագույնս արդյունավետ, վերահսկելի եւ թափանցիկ դարձնելն է:
«Բացի տեխնիկական միջոց տրամադրելը, մենք նաեւ կրթում ենք բուն ուսումնապրոցեսներն ավելի «խելացի» դարձնելու հարցում: Այս ամենը նպաստում է ուսումնական հաստատությունների ծախսերի նվազեցմանը, ուսումնական նյութերի ավելի հասանելի եւ մասամբ նաեւ անվճար դառնալուն»,- ընդգծում է Աստղիկը:
Հարթակը նաեւ կարող է ինտեգրվել այլ գործիքների հետ: Ներկայում այն ինտեգրված է հեռավար ուսուցման 2 համակարգերի՝ Liveboard-ի եւ Zoom-ի, ինչպես նաեւ Հայաստանում Ամերիկյան համալսարանի համալսարանական համակարգի հետ: Աստղիկի խոսքով, այս շարքը մոտ ապագայում կհամալրվի այլ արդյունավետ գործիքներով:
Tutor-ը նաեւ տվյալների վերլուծության գործիքներ է տրամադրում: Հարթակի բոլոր բաժիններն ունեն իրենց վերլուծական ցուցանիշները, որոնք օգնում են ուսումնական հաստատությունններին հետեւել ընդհանուր առաջադիմությանը եւ բարձրացնել արդյունավետությունը:
Նարինե Դանեղյան