16:03 | 31.03.20 | Նորություններ | 167166

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները կօգտվեն թվայնացված գրքերի հարթակից՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հեռավար ուսուցման անհրաժեշտությունը, Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի թվայնացված տարբերակից՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի։

Դասագրքերը հասանելի են առցանց՝ Armenian Schoolbooks հավելվածի եւ կայքի միջոցով։ Այս հարթակներից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ-երի համար տարիֆիկացում չի կիրառվի:

Դասագրքերի թվայնացման եւ տարածման Armenian Schoolbooks նախագիծն իրականացվել է «Մեր Սոֆթ» ընկերության՝«bonee.net» համակարգի եւ «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» համատեղ աշխատանքի արդյունքում։

Տեխնոլոգիաների ժամանակակից լուծումն իր բաժանորդներին առավել հարմարավետ տարբերակով առաջարկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը սկսել է համագործակցել նախագիծն իրականացրած կողմերի հետ։

Google PlayMarket-ում եւ AppStore-ում առկա անվճար Armenian Schoolbooks» հավելվածի, ինչպես նաեւ կայքի միջոցով, հասանելի են 5-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։

«Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար դրսեւորում է պատասխանատու մոտեցում՝ բիզնես-պետություն-հասարակություն համագործակցության շղթայում։ Համոզված եմ, որ անկախ երկրում առկա իրավիճակից, այդպիսին պետք է լինի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արժեհամակարգով առաջնորդվող ընկերությունների մոտեցումը։ «Armenian Schoolbooks» ծրագիրը խթանում է հեռավար կրթությունը եւ հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, որոնց ձեռքի տակ չկա դասագիրք: Կարծում եմ, կրթական գործընթացներից չկտրվելու համար՝ թվայնացված դասագրքերի միասնական այս համակարգից օգտվելու հնարավորությունը լավ լուծում է»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ներդրում ունենալ հայկական կրթական համակարգի զարգացման գործում։  Նախագծի հիմնական նպատակն է հանրամատչելի դարձնել դասագրքերը եւ ակտիվացնել մեր երկրի կրթական գործընթացները՝ ապահովելով դրանց համաբացությունը ժամանակի մարտահրավերներին եւ պահանջներին»,- նշել է «Մեր Սոֆթ» ընկերության հիմնադիր եւ «bonee.net» հարթակի համահեղինակ Տիգրան Մանուկյանը։

Համակարգի միջոցով դասագրքերը հասանելի են ցանկացած պահի եւ ցանկացած վայրում։