15:48 | 13.03.20 | Նորություններ | 2535

Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով անձնական տվյալներ են գողանում

Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները, հայտարարել է ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

Խոսքը վերաբերում է մուտքանուններին, գաղտնաբառերին, բանկային ու այլ տվյալներին, որոնք պահվում են բրաուզերում:

Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների, կեղծվածները առաջարկում են ներբեռնել ու համակարգչում տեղադրել ֆայլը` կորոնավիրուսի մասին վերջին թարմացումների մասին տեղեկացված լինելու համար։

Գործակալությունը խորհուրդ է տալիս նման խարդախությունների զոհ չդառնալու համար հետեւել տեղեկություններին միայն ստուգված հարթակներում, որոնցից են Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը, Worldometers կայքը, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը: