11:54 | 09.03.20 | Նորություններ | 1935
ՀՀ ազգային ժողովը հաստատել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը։
Օրենքը կարգավորում է Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների եւ տիեզերական տարածության հասկացությունները:
Նախատեսվում է, որ օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում պետք է մշակվեն տիեզերական գործունեության բնագավառի զարգացման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների օգտագործման եւ շահագործման, ստեղծման, փորձարկման, տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների գրանցման, տիեզերական գործունեության լիցենզավորման, շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների օգտագործման, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննության կարգերը եւ պայմանները:
Ոլորտում գործող ընկերությունների համար օրինագիծը սահմանում է հարկային արտոնություններ, ինչը նպատակ ունի նպաստելու Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը:
Մասնավորապես, օրենքի դրույթներից ելնելով, մի շարք լրացումներ են նախատեսվում «ՀՀ հարկային օրենսգրքում», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքներում։
Նշենք, որ մինչ օրս Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգվում էր միայն միջազգային իրավունքի նորմերով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նշել են, որ Հայաստանում տիեզերական ոլորտի ձեւավորումը եւ այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ դերակատարում կարող է ունենալ ոչ միայն նոր ենթակառուցվածքների ձեւավորման, այլ նաեւ աշխատատեղերի ստեղծման գործում:
«Այն խթան կհանդիսանա նաեւ Հայաստանում ոլորտի որակավորված մասնագետների՝ ինժեներների, կոնստրուկտորների, մեխանիկների նկատմամբ, ինչն էլ իր հերթին հիմքեր կստեղծի հանրապետությունում սեփական տիեզերական ծրագրերի իրագործման համար»: