17:20 | 05.03.20 | Նորություններ | 2870

Հայաստանը կորոնավիրուսի պատճառով չի մասնակցի Լոնդոնի AI & Big data EXPO-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգները, այդ թվում՝ միջոցառման ոչ արդյունավետ անցկացման հավանականությունը, չեղարկում է մարտի 17-18 Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը:

Ավելի վաղ, նախարարությունը հայտարարել էր, որ հնարավորություն կընձեռի պատվիրակության կազմում ընդգրկված 7 ընկերության ներկայանալ ցուցահանդեսին՝ Armenia միասնական տաղավարով:

Նախարարությունում նշել են, որ քննարկվում է նաեւ Հայաստանի գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում (Սանտա Կլարա քաղաք) կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը: Մանրամասն տեղեկատվություն նոյեմբերի մասնակցության վերաբերյալ կտրամադրվի առաջիկա ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի պատճառով աշխարհում շարունակում են չեղարկվել խոշոր տեխնոլոգիական միջոցառումները: Արդեն չեղարկված միջոցառումների շարքում են՝ Google I/O-ն, Mobile World Congress-ը եւ Game Developers Conference-ը (GDC 2020):