12:28 | 28.02.20 | Նորություններ | 9589

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է Պառավաքարում բնակվող Բրուտյանների տան խնդիրը

Սահմանապահ Պառավաքարում ապրող Բրուտյանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:

Նախորդ տարվա աշնանը, Մանվելն սկսել է տան վերակառուցման աշխատանքները: Իրականացված լայնածավալ աշխատանքների շնորհիվ, կարգավորվել են հրատապ լուծում պահանջող հարցերն ու ստեղծվել պայմաններ՝ նորմալ կենցաղավարության համար. լիարժեք ամրացվել են տան հիմքերը, փոխվել տանիքն ու հատակը, ավելացել են հարմարավետ խոհանոցը, կոմունալ հարմարությունները եւ սահմանին ապրող գյուղացու կյանքում անհրաժեշտություն դարձած ապաստարանը: Երկրորդ հարկից նկուղային հարկ տանող ապաստարանի մուտքն սկսվում է երեխաների ննջասենյակից:

«Երբեմն, երբ կրակոցներ էին լինում, թաքնվելու տեղ չկար: Ավելին, փլուզման եզրին գտնվող տանից հարկավոր էր նույնիսկ փախնել: Հիմա, բետոնացման աշխատանքներն այնքան լավ են կատարված, որ հանգիստ կարող ենք պատսպարվել: Եթե անգամ երկրորդ հարկը վնասվի՝ նկուղային հարկը կմնա: Ծրագիրն անչափ կարեւոր է տան խնդիր ունեցող ընտանիքների համար»,- ասել է տանտերը՝ Մանվել Բրուտյանը:

Վերակառուցված տան մեջ ապրում են 6 հոգով: Բազմանդամ ընտանիքը հասցրել է առաջին ձմեռն անցկացնել նոր տանն ու սկսել է կենտրոնանալ այլ նպատակների իրականացման ուղղությամբ:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, նախորդ տարվա ընթացքում, Պառավաքարում տան խնդիր է լուծել 5 ընտանիք: