15:09 | 27.02.20 | Նորություններ | 2647

«ԱրմՀայԹեք» զենքի և սպառազինության ցուցահանդեսը մասնակիցներ կհյուրընկալի 20 երկրից

Մարտի 26-28-ին Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի «ԱրմՀայԹեք 2020» սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որը կներառի գործարար համաժողով, շնորհանդեսներ, բիզնես հանդիպումներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների կողմից կազմակերպվող ցուցահանդեսը մեկ հարկի տակ կմիավորի 20 երկրի ռազմարդյունաբերական եւ պաշտպանական տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող 100-ից ավելի միջազգային ընկերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտի ներկայացուցիչների:

«ԱրմՀայԹեք 2020»-ը հարթակ է ստեղծում նոր համագործակցությունների, փորձի փոխանակման, արտադրանքի ներկայացման եւ նոր շուկաների բացման համար:

Ցուցահանդեսի գերակա ուղղություններն են կառավարման համակարգերը, կապի եւ հաղորդակցության միջոցները, զորքերի ավտոմատ կառավարման համակարգերը, անօդաչու թռչող սարքերը եւ թռչող համակարգերը, լազերային տեխնոլոգիաները եւ այլ արդի թեմաներ: