11:24 | 07.02.20 | Նորություններ | 17195
Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է եւս 4 փողոց` շուրջ 2300մ երկարությամբ ճանապարհ:
Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու: Ծրագրի արձանագրած արդյունքը երկարաժամկետ է եւ թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն եւ մարդ-վայրի բնություն հակասության կարգավորման նախադրյալներ:
Գյուղի բնակիչների համար, նախորդ ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Ծրագրի շնորհիվ, լուսավորվել է հենց այդ մասը՝ հնարավոր վտանգը հետագայում կանխելու համար:
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արփի բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանն ու համայնքի բնակիչներ:
«Այն, ինչ իրականացնում ենք այս ծրագրի շրջանակում, շատ կարեւոր է: Փորձում ենք փոխել բնության ռեսուրսներն անխնա սպառելու մոտեցումը: Դա կարեւոր է վաղվա սերնդի համար: Երբ տարբեր գյուղերում նման համակարգ ենք գործարկում, մարդիկ սկզբում գնահատում են առաջին հայացքից տեսանելին՝ վառ լուսավորությունը: Կարճ ժամանակ անց, հատկապես այնտեղ, որտեղ երկրորդ փուլն է իրականացվում, զգում են ծրագրի մյուս՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական արդյունավետությունը: Նաեւ այն, որ երեկոյան ժամերին կա անվտանգ քայլելու հնարավորություն: Այդ ամենը թույլ է տալիս փոխել նաեւ մարդկանց մտածելակերպն ու փնտրել զարգացման այլ հեռանկարներ», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի մեկնարկն այս գյուղում տրվել է 2018թ.: Առաջին փուլով գործընկերները լուծել են գյուղի գլխավոր փողոցի արտաքին լուսավորության խնդիրը: Այդ ժամանակ կառուցվել է 51 լուսադիոդային (LED) լուսարձակից բաղկացած համակարգ եւ լուսավորվել 2կմ հատված: Այսպիսով, երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում, գործընկեր կառույցների եւ Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքերով, Արփի գյուղում տեղակայվել է 111 LED լուսարձակ եւ լուսավորվել 4300մ հատված:
Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց կարեւոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:
Կենսաբազմազանությամբ հարուստ եւ հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը՝ էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվում գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են:
Բնապահպանական եւ էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչեւ գիշերվա 01:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում: