16:03 | 05.02.20 | Նորություններ | 2349

Google-ի սեփականատերը ֆեյք լուսանկարները հայտնաբերող ծառայություն է մշակել

Միջազգային ԶԼՄ-ները ու փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպություններն այս օրերին փորձարկում են Assembler ծառայությունը, որն օգնում է հայտնաբերել խմբագրված լուսանկարները:

The New York Times-ի փոխանցմամբ, Assembler-ը մշակվել է Jigsaw ընկերության կողմից, որը Alphabet հոլդինգի դուստր ձեռնարկություններից է: Այս հոլդինգի մաս է կազմում նաեւ Google-ը:

Լուծումը բաղկացած է յոթ առանձին «դետեկտորներից», որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է որոշակի մանիպուլյացիա ճանաչելու համար: Առաջին հինգ դետեկտորները, որոնք հայտնաբերում են միաձուլված կամ կլոնավորված լուսանկարները, մշակվել են Բերկլիի եւ Նեապոլի համալսարանների թիմերի կողմից:

Մյուս երկու դետեկտորները Assembler-ի թիմի սեփական մշակումներն են եւ հայտնաբերում են արհեստական բանականության կողմից ստեղծված տեխնոլոգիական կեղծիքները (deepfake):

Jigsaw-ի ներկայացուցիչ Սանտյագո Անդիգոյի խոսքով, Assembler-ը կօգնի խոշոր լրատվամիջոցների այն լրագրողներին, որոնք սկանդալային լուսանկար են ստացել եւ ցանկանում են որքան հնարավոր է շուտ այն հրապարակել: Լուծումը նաեւ թույլ կտա ստուգել սոցիալական ցանցերում հրապարակվող հայտնի լուսանկարների իսկությունը:

Ընկերությունում հավելել են, որ չեն նախատեսում Assembler-ը գործարկել լայն լսարանի համար: