15:41 | 23.01.20 | Նորություններ | 17214

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է Մինասյանների ընտանիքի բնակարանային խնդիրը

Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղում բնակվող Մինասյանների ընտանիքը Վիվա-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությունը ստացած ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում:

Տան ավագ որդին՝ 25-ամյա Հրաչը, ծրագրի մասին տեղեկացել է մեկ այլ շահառուից, հարեւան՝ Դարպաս գյուղում բնակվող ընկերոջից: Իսկ նախորդ տարվա ամռանն արդեն, ծրագրում ընդգրկվելուց հետո, մեծ թափով շինարարական աշխատանքներ է սկսել: Դրանց միացել են հարեւաններն ու բարեկամները: Գործը կարողացել են ավարտին հասցնել կարճ ժամկետներում: Մինասյանների կիսակառույցը տուն է դարձել յոթ ամսում:

«Ավագ որդուս երազանքն իրականություն դարձավ: Այժմ էլ ես ցանկություն ունեմ. ուզում եմ, որ տղաներս ընտանիք կազմեն ու արվածը վայելեն: Այն, ինչ արեցին մեզ աջակցող կազմակերպությունները, ուրախություն եւ հույս է տվել ոչ միայն մեր ընտանիքին, այլեւ՝ գյուղին: Մենք մեզ մենակ չենք զգում», - ասել է ընտանիքի հայրը՝ Վլադիկ Մինասյանը: «Ծրագրի ամենալավ կողմերից մեկն այն է, որ մարդն ինքն է իր տունը կառուցում: Երկրորդը՝ արագ իրականացվող շինարարությունն է: Այն, ինչն առանց աջակցության հնարավոր է իրականացնել 10-15 տարվա ընթացքում, ավարտին է հասցվում մեկ տարվա մեջ: Կա նաեւ հոգեբանական կարեւոր ազդեցություն. մարդիկ զգում են, որ իրենք մենակ չեն, եւ դա նրանց ուժ ու վստահություն է փոխանցում», - ասել է ընտանիքի ավագ տղան՝ Հրաչ Մինասյանը:

Գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 208 ընտանիքի հաջողվել է հաղթահարել ոչ միայն իրենց ֆինանսական, այլեւ հոգեբանական խնդիրները: