11:03 | 17.01.20 | Նորություններ | 3145

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մուրադյանների ընտանիքում

Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության խնդիր լուծող գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» 2020թ. առաջին շրջայցը կատարել են Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը Մուրադյանների ընտանիքում հյուրընկալվել են երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը եղել է 2019թ. ամռանը՝ կամավորության սկզբունքով շինարարություն իրականացնելու նպատակով: Հերթական հանդիպման առիթը նոր բնակարանում Նոր տարին առաջին անգամ սեփական հարկի տակ նշած ընտանիքի զգացողությունը գնահատելն է եղել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, 2019թ. լուծվել է Հայաստանի 10 մարզում բնակվող 46 ընտանիքի բնակարանային խնդիր։ Տարիների համագործակցության արդյունքում աջակցություն է ստացել 208 ընտանիք, որից 13-ը՝ Կոտայքի մարզում:

«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ հաջողվում է այցելել բոլորին, բայց մենք ձգտում ենք հնարավորին անել դա: Տարիների փորձը ցույց է տվել, որ քայլը շատ կարեւոր է՝ երկար ճանապարհ անցնելու համար: Տանտերերի հետ անմիջական շփումն ու արված աշխատանքի նկատմամբ նրանց վերջնական գնահատականն օգնում են ստանալ շատ օբյեկտիվ պատկեր եւ առավել արդյունավետ դարձնել հետագա քայլերը: Սա նաեւ հաշվետվություն ներկայացնելու լավ միջոց է, որն արտահայտվում է եւ՛ թվերի, եւ՛ կյանքի՝ նոր որակի ձեւով: Բոլորս էլ կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ եւ տարիների ընթացքում գուցե նաեւ լուծել դրանք, բայց երբ զգում ենք, որ մենակ չենք, առավել վստահ ենք հաղթահարում դրանք: Վերականգնված հավատն ամենակարեւորն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աջակցում ենք կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում։ Մեր օգնությամբ, ինչպես նաեւ ընտանիքի ձգտման եւ աշխատասիրության շնորհիվ, այս երիտասարդ ընտանիքն արդեն ունի սեփական տուն։ Պետրոսի որդին ստիպված չի լինի անցնելու այն դժվարություններով, ինչով անցել է հայրը։ Նա կունենա անհոգ մանկութուն»,- նշել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: