12:49 | 15.01.20 | Նորություններ | 2757
ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» եւ ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի Data Analytics (MS) մագիստրոսական ծրագրերը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին՝ նախաձեռնված Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (EIF), Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC), Երեւանի պետական համալսարանի, Սան Խոսեի պետական համալսարանի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։
Համատեղ մագիստրոսական ծրագիրը հնարավորություն կտա ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանողի 2020թ. սեպտեմբերից շարունակել կրթությունը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի Data Analytics (MS) մագիստրոսական ծրագրում։
Ընտրված ուսանողներին կտրվի ԵՊՀ-ի եւ Սան Խոսեի համալսարանի կրկնակի դիպլոմ, ինչպես նաեւ հնարավորություն՝ անցնել տվյալագետի վարձատրվող պրակտիկա Սիլիկոնյան հովտի այն բազմաթիվ հաստատություններից մեկում, որոնց հետ Սան Խոսեի պետական համալսարանն ունի աշխատանքային պայմանագրեր։ Ծրագրի ավարտին հայ ուսանողները վերադառնալով Հայաստան, ընդգրկվելու են ԵՊՀ-ի եւ Սան Խոսեի համալսարանի համատեղ հետազոտական աշխատանքներում: Աստիճանաբար ընդլայնվող հետազոտական թիմն առաջիկայում կներգրավի նաեւ այլ հայ մասնագետների:
Նշենք, որ մագիստրոսական ծրագրերի միջեւ համագործակցության մեկնարկն ազդարարվեց 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գեւորգյանի եւ ISTC-ի տնօրեն Արեգ Գեւորգյանի կողմից:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ այն դիտարկելով որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիական կրթության հզորացման գործոն՝ միջազգային համալսարանների հետ սերտ համագործակցություն հաստատելու միջոցով:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, ժամանակակից աշխարհում տնտեսության եւ բիզնեսի կառավարումը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների, ինչի արդյունքում առաջացել են նոր, համարձակ եւ գրագետ մոտեցումներ՝ հիմնված տվյալների հավաքագրման եւ վերլուծության վրա։
«Ուսումնասիրելով Սան Խոսեի պետական համալսարանի եւ այլ առաջատար բուհերի կրթական ծրագրերը, կարելի է տեսնել, որ տնտեսագիտության ներկայիս կրթական ծրագրերն իրենց առաջ դնում են բոլորովին այլ խնդիրներ, որոնց հաջող լուծումները կնպաստեն տնտեսության եւ բիզնեսի զարգացմանը։ Բիզնես ոլորտի ծրագրերի փոփոխություններին հստակ արձագանքում են նաեւ աշխարհի առաջատար բուհերը՝ արդիականացնելով իրենց կրթական ծրագրերը։ Սան Խոսեի պետական համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագիրն այսօր դրա վառ օրինակն է»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:
2019թ. ապրիլին, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի հինգ լավագույն ուսանողները եւ ծրագրի պատասխանատուները, ինչպես նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) եւ ISTC-ի ներկայացուցիչներն այցելեցին ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարան։ Քննարկումների ընթացքում ձեռք բերվեցին բազմաթիվ պայմանավորվածություններ: