14:09 | 12.12.19 | Նորություններ | 8793
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերության արդյունքում սահմանապահ Բերդավանում փողոցների լուսավորության ծրագրով 2016-2018 թվականներին տեղակայվել է 269 LED լուսարձակ եւ 8,5 կմ երկարությամբ տարածք է լուսավորվել:
Համագործակցությունը շարունակվել է նաեւ ընթացիկ տարում. իրականացվել է փողոցային լուսավորության 4-րդ ծրագիրը:
2019թ. գործընկեր կառույցների եւ Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է 56-ով՝ լուսավորելով 2կմ ընդհանուր երկարությամբ եւս հինգ փողոց:
Իրականացված ծրագրերի շնորհիվ, Բերդավանում, ընդհանուր առմամբ, արդեն լուսավորվել է 10,5 կմ ճանապարհահատված: Տարիների ջանքերի շնորհիվ, լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց եւ համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը եւ համայնքի բնակիչները:
«Խնդիրները նման են ճահճի. որքան անտեսվում են, այնքան ավելի մեծ ջանքեր են պահանջվում հետո՝ դրանցից ազատվելու համար։ Եթե մենք երազում ենք լավ միջավայրի ու բարեկեցիկ երկրի մասին, պետք է ձգտենք ավելի խորքային մտածողություն ունենալ եւ մեծ ուշադրություն դարձնել գյուղերին։ Քաղաքն իր բնույթով ավելի լսելի է։ Մինչդեռ գյուղը՝ հատկապես սահման պահողը, եւ՛ ֆինանսական, եւ՛ հոգեբանական մեծ աջակցության կարիք է զգում։ Մենք Բերդավանում շատ ենք եղել։ Ձգտել ենք մեծ խնդիրներ լուծել շարունակական ծրագրերով։ Այսօր այստեղ ենք՝ հերթական ծրագրի արդյունքը տեսնելու համար։ Ուրախ եմ, որ գյուղում անվտանգ անցուդարձը հնարավոր է դարձել եւս մի քանի փողոցի բնակիչների համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Բերդավանը Հայաստանի սահմանապահ այն հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակների բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն եւ մաքուր շրջակա միջավայր։ Գյուղում արդեն իսկ գնահատել են համակարգի արդյունավետությունն ու կարեւորությունը: Թեթեւացել է համայնքի ֆինանսական բեռը. LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար եւ սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Լուսավորության խնդրի կարգավորման շնորհիվ, լուծվել է նաեւ օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու եւ երթեւեկելու խնդիրները, ինչն առավել կարեւոր է սահմանապահ գյուղերում:
Սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները, «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդյունավետ գործընկերություն են ծավալվում 2015թ.-ից սկսած: Արտաքին լուսավորության համակարգ կառուցելուց բացի, այստեղ իրականացվել են նաեւ այլ ծրագրեր. գյուղի մանկապարտեզն ու երաժշտական դպրոցն ապահովել են ջեռուցման՝ արեւային համակարգերով: