12:13 | 05.12.19 | Նորություններ | 2164

ՀՀ նախագահը հանդիպել է Silicon Mountains համաժողովի մասնակիցների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երեւանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների:

Հանդիպմանը մասնակցել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինը եւ «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը եւ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Արմեն Սարգսյանը ողջունել է Երեւանում նման տեխնոլոգիական համաժողով անցկացնելու նախաձեռնությունը:

«Ժամանակն է, որ բոլորս համատեղենք մեր ջանքերը, քանի որ համախմբվելով ավելի մեծ արդյունքներ կարող ենք ունենալ եւ նպաստել տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի առաջընթացին»,- ընդգծել է նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանում գալիք տարի անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողովի», այնպես էլ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության
հնարավորություններին:

Ներկայացնելով ATOM նախաձեռնության բաղադրիչները՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս համաշխարհային տեխնոլոգիական այլ առաջատար կազմակերպությունների, տեսնել նաեւ Microsoft ընկերությանը: