16:27 | 28.11.19 | Նորություններ | 8028
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում բնակվող Տեր-Սահակյանները բնակարանամուտ են տոնել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ:
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերն ամռանը կամավորական աշխատանքներ են իրականացրել Ծովինարում: Հերթական այցի նպատակն ավարտված շինարարության վերջնական արդյունքը տեսնելն ու կառուցված տան մեջ ուրախ առիթը նշելն է եղել:
«Երկար տարիներ, այս ծրագրի իրականացման ընթացքում՝ կարեւոր դիտարկումներ ենք արել: Մեր աչքի առաջ բազմաթիվ ընտանիքներ հաղթահարել են տարիների հուսահատությունն ու անզորության զգացումը: Դա ամենակարեւոր ձեռքբերումն է: Ամռանն այս տարածքը շինհրապարակ էր ընտանիքի ու մեր կամավորների համար: Աշխատում էինք ոգեւորությամբ. բոլորիս միավորում էր օգտակար լինելու նպատակը: Մեզ միացել էին անգամ տան փոքրերը, որոնց ներկայությունը մեծացնում էր պատասխանատվության զգացումը: Տեղի եղանակային պայմանները մեղմ չեն, եւ մենք գիտակցում էինք, թե որքան կարեւոր էր մինչեւ ձմեռ գործն ավարտին հասցնելը: Այսօր արդեն բնակարանամուտ ենք նշում եւ դա հրաշալի է: Ուրախ եմ հերթական ընտանիքի կյանքում արձանագրված դրական փոփոխության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Բնակարանաշինության ծրագրի հաջողության գրավականն այն է, որ ընտանիքներն իրենք են դառնում իրենց տների կառուցողն ու պատասխանատուն: Այսպիսով, սեփական տանիք ունենալու ցանկությունը դառնում է իրական եւ տալիս է ցանկալի արդյունք: Հերթական բնակարանամուտն է այսօր, մեր աշխատանքում ամենասպասված պահը՝ արդյունքները տեսնելու ժամանակը»,- նշել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Տարիների համագործակցության շնորհիվ, Գեղարքունիքի մարզի 6 համայնքում կառուցվել կամ վերանորոգվել է 8 տուն։