12:16 | 21.11.19 | Նորություններ | 1984
Արմեն Սարգսյանն ամփոփել է Կատարի Պետություն պաշտոնական այցի արդյունքները, նշելով, որ Կատարում շատ են հետաքրքրված ժամանակակից տեխնոլոգիաներով։
«Նույն WISE-ի (Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի) կոնֆերանսում մեր առաջին խոսակցությունն արհեստական բանականության մասին էր։
Ամեն մարդ գիտակցում է, որ առանց արհեստական բանականության չես կարող վաղը տիեզերանավեր օգտագործել, կառավարել ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ընդհուպ կրթությունն ու գիտահետազոտական աշխատանքներն անհնարին կլինեն։ Հետեւաբար, արհեստական բանականությունը շատ էական է։
Կատարի ղեկավարին հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան, հրավիրեցի նաեւ գործընկերներին ու շեյխուհի Մոզային՝ մասնակցելու միջազգային մի քանի կոնֆերանսների, որ տեղի կունենան Հայաստանում։ Դրանցից են Մտքերի հայկական գագաթնաժողովը՝ հաջորդ տարվա հունիսին, եւ գիտության, տեխնոլոգիաների եւ տիեզերքի փառատոնը՝ STARMUS-ը։ Նրանք շատ հետաքրքրված են գալ։ Նրանք շատ հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով, հսկայական գումարներ են տրամադրում այդ ոլորտի զարգացմանը, իսկ մենք ունենք ներուժ։ Մենք դեռեւս չունենք այդ ինդուստրիան, բայց ունենք տաղանդավոր ծրագրավորողներ, որոնք կարող են դառնալ այդ արդյունաբերության հիմքը։ Սակայն մենք դեռ շատ պետք է աշխատենք եւ աջակցենք այդ ոլորտին, քանի որ ցանկացած ոլորտ համաշխարհային մակարդակի բարձրանալու համար աջակցության կարիք ունի։
Մեր հարեւան եւ ոչ հարեւան պետությունները, ողջ աշխարհը մտածում են, որ իրենց երկրի ու աշխարհի ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Այսինքն, մենք նաեւ մրցակցության մեջ ենք, եւ լավագույն գաղափարներն ու ֆինանսավորումն ապահովելու համար պետք է պայմաններ ստեղծենք՝ տաղանդավոր մարդիկ, լավ համալսարաններ, լավ կրթական համակարգ, գուցե ֆինանսական, հարկային աջակցություն։ Պետք է ցույց տանք, որ մեր միջոցով կարող են հնարավորություն ունենալ իրենց արդյունքն իրացնել շատ ավելի մեծ՝ եվրասիական շուկայում»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը: