11:32 | 20.11.19 | Նորություններ | 1872

«Ծրագրավորման ժամ» միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» եւ «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ ու գործակցությամբ` դեկտեմբերի 15-ին «Այբ» դպրոցում արդեն 6-րդ տարին անընդմեջ կկայանա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 30-ը լրացնել դիմում-հայտը:

Միջոցառման նպատակն է մասնակից դպրոցականներին ծանոթացնել ծրագրավորողի աշխատանքին, նրանց համար բացահայտել ծրագրավորման տրամաբանությունը եւ թե ինչ է «ծրագրավորման կոդը», ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։

Մի քանի ժամվա ընթացքում մասնակիցները կաշխատեն իրենց կցված մենթորների հետ, ովքեր ներկայացնում են հայաստանյան լավագույն ՏՏ ընկերությունները։

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրից: Հայաստանում զգալիորեն մեծանում է դպրոցականների հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ, եւ այս միջոցառմանը սպասում են հարյուրավոր աշակերտներ։

2018 թ․-ին «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը Հայաստանում մասնակցել է 5-18 տարեկան 500-ից ավելի պատանի: Մասնակիցներից շատերի համար միջոցառումն առաջին քայլն էր ծրագրավորման ոլորտում, եւ ներկայումս նրանք արդեն ավելի խորացված են ուսումնասիրում ծրագրավորման տարբեր լեզուները։

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ ցանկանում են բացահայտել, թե ինչ է ծրագրավորումը։ Մասնակցության համար ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն:

«Ցանկացած երեխա, անկախ այն բանից, թե որ ոլորտում է ուզում մասնագիտանալ, պետք է ինչ-որ չափով սովորի ծրագրավորում, որպեսզի պատրաստ լինի դիմակայել 21-րդ դարի կարիերայի մարտահրավերներին։ Դպրոցական տարիներն ամենալավ ժամանակն են ծրագրավորում սովորելու համար, եւ այդ նպատակով ամեն տարի «Ծրագրավորման ժամ» միջոցառման միջոցով մենք փորձում ենք այն հասանելի դարձնել բազմաթիվ դպրոցականներին Հայաստանի տարբեր համայնքներից»,- նշել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Ծրագրավորումն այսօր դադարել է ինչ-որ արտասովոր կամ քչերի համար հասանելի բան լինելուց։ Ծրագրավորման լեզվին ծանոթ լինելը շուտով նույնքան կարեւոր կլինի, որքան օտար լեզու իմանալը։ Դա կլինի օրվա հրամայականն ու աշխատանք գտնելու գլխավոր առհավատչյան։ Եվ «Այբ» դպրոցը, ստանձնելով պատասխանատվություն ու իրականացնելով սերունդներ կրթելու առաքելություն, չի կարող անմասն մնալ այս հարցում։ Մենք, համագործակցելով «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հետ, մեր երեխաներին հնարավորություն ենք ընձեռում մուտք գործելու այս հետաքրքիր ու բազում բացահայտումներով լի աշխարհը եւ, հուսով ենք, սիրելու այն»,- ընդգծում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Միջոցառման գործընկերն է Ucom ընկերությունը, որը միջոցառման ընթացքում կապահովի ինտերնետ կապով: