14:26 | 06.11.19 | Նորություններ | 2129

INNOWEEK.UZ-ից հայկական ընկերությունները վերադարձել են հստակ արդյունքներով

Տաշքենդում անցկացվող «Նորարարական գաղափարների շաբաթ» համաժողովի («INNOWEEK.UZ-2019») տեխնոլոգիական ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվել է հայկական տաղավար:

Հայկական նորարարական ու տեխնոլոգիական մի շարք ստարտափների ու կայացած ընկերությունների կարողությունները, ոլորտային վերջին զարգացումները, գիտատեխնիկական եւ նորարարության ոլորտներում մեր երկրի ներուժն ու հեռանկարները ցուցադրվել են հայկական տաղավարում։

«Նորարարական գաղափարների շաբաթ» համաժողովին մասնակցել են տարբեր երկրների հետազոտական եւ նորարարական կենտրոնների, ներդրումային ֆոնդերի, տեխնոլոգիական գործակալությունների, տեխնոլոգիական պարկերի եւ բիզնես ինկուբատորների ներկայացուցիչներ։ «INNOWEEK.UZ-2019» ամենամյա համաժողովին ու ցուցահանդեսին մասնակցել է նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ Գեղամ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովի, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաեւի, Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Օլիմժոն Ումարովի հետ։

Ուզբեկական կողմին հետաքրքրել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական կրթական ծրագրերը Ուզբեկստանի դպրոցներում եւ բուհական լաբորատորիաներում ներդնելու վերաբերյալ հարցեր: Արդյունքում՝ «YEA Engeneering»-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մեր ուսումնական լաբորատորիաները Ուզբեկստանի դպրոցներում եւ բուհերում ներդնելու վերաբերյալ։

Ցուցահանդեսի ընթացքում հայկական ընկերություններ հետ պիլոտային ծրագրեր սկսելու վերաբերյալ մի շարք այլ համաձայնություններ են ձեռք բերվել։ Օրինակ՝ SFL, ERP եւ Early1 ընկերությունները ուզբեկական 6 բանկերի հետ համաձայնության են եկել՝ իրենց լուծումներն առաջարկելու եւ առաջին փորձնական ներդրումը սկսելու ուղղությամբ։

Lokator ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ուզբեկստանի ջրային ռեսուրսների նախարարության հետ՝ ոռոգման համակարգի մոնիտորինգի համար Locator SCADA համակարգի ներդրման վերաբերյալ։

ERP ընկերությունը Ուզբեկստանի էկոլոգիայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հետ պայմանավորվել է CRM եւ ERP համակարգերի ներդրման ուղղությամբ, իսկ կորեական ձեռնարկությունների նորարարությունների խթանման ինստիտուտը հետաքրքրված է նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ կատարելու ուղղությամբ։