16:11 | 05.11.19 | Նորություններ | 9484

Ucom-ի աջակցությամբ Sparkle-ը Հայաստանում ցանցային փոխկապակցման կետ է տեղակայել

Երեւանում տեղակայված իր նոր ցանցային փոխկապակցման կետի՝ PoP-ի միջոցով Sparkle ընկերությունն իր ներդրումն է ունենալու տեղական շուկայում, կովկասյան տարածաշրջանում եւ Միջին Արեւելքում IP ծառայությունների նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու գործում:

Հայաստանի մայրաքաղաք Երեւանում նոր ցանցային փոխկապակցման կետի տեղակայմամբ՝ Իտալիայում միջազգային կապի ծառայություններ մատուցող առաջին եւ աշխարհի 10 լավագույն կապի օպերատորներից մեկը՝ Sparkle ընկերությունը, հայտարարում է կովկասյան տարածաշրջանում իր IP մայրուղային ցանցի ծածկույթի ընդլայնման մասին:

Հայաստանում ամենաարագ ինտերնետ եւ շարժական կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերության հետ համագործակցությամբ տեղակայված փոխկապակցման կետը լիովին ինտեգրված է Sparkle ընկերության՝ ողջ աշխարհում տվյալների փոխանցման 10 լավագույն ցանցերից մեկը հանդիսացող Tier-1 IP տարանցման ծառայությունների մատուցման Seabone ցանցի հետ, ինչը թույլ է տալու մատուցել 100 ԳԲ եւ ավելի պրեմիում որակի գերարագ ինտերնետ կապի ծառայություններ` ապահովելով ծառայությունների հասանելիության եւ կայուն որակի ամենաբարձր մակարդակ:

Երեւանում փոխկապակցման կետի տեղակայմամբ նպատակ է դրվել տեղի օպերատորներին աջակցել տեղական շուկայում ինտերնետ կապի ծառայությունների նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու համար: Դրանից բացի, փոխկապակցման կետի տեղակայմամբ՝ Sparkle ընկերությունն ընդլայնում է իր IP մայրուղային ցանցի ծածկույթը տարածաշրջանում՝ OTT հեռուստատեսային, ինտերնետ կապի, բովանդակության եւ հավելվածային ծառայություններ մատուցողներին ընձեռելով կովկասյան տարածաշրջանում IP ծառայությունների տարանցման վերգետնյա եւ ավելի ուղիղ երթուղի՝ ավանդական ուղիներով կատարվող տարանցումների համեմատ ապահովելով ուշացման ավելի ցածր ցուցանիշ:

DDoS հարձակման ռիսկերը մեղմելու համար նախատեսված լուծման շնորհիվ՝ Seabone ցանցի օգտատերերը ստանում են իրենց ցանցերը հարձակումներից պաշտպանելու հնարավորություն, իսկ վիրտուալ NAP լուծումը վերջիններիս թույլ է տալիս հասանելիություն ունենալ ցանցերի միջեւ տվյալների փոխանակման կետերին (IXP)՝ դրա համար չպահանջելով սեփական ենթակառուցվածքի առկայություն: Նշված երկու լուծումները գալիս են համալրելու Երեւանում տեղակայված փոխկապակցման կետի միջոցով Sparkle ընկերության կողմից մատուցվող ծառայությունների պորտֆելը:
Երեւանում նոր փոխկապակցման կետի տեղակայումը Sparkle ընկերության՝ կովկասյան տարածաշրջանում իր գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու եւ տարածաշրջանում թվային ու հավելյալ արժեքով ծառայությունների (VAS) զարգացման տեմպերն արագացնելու ձգտումն իրականացնելու ճանապարհին մի կարեւոր քայլ է: