16:52 | 31.10.19 | Նորություններ | 9513
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով ծառատունկ է իրականացվել Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում՝ տեղի երբեմնի անտառապատ տարածքները վերականգնելու համար:
Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով տեղադրվել են մարդկանց եւ կենդանիների համար անվտանգ, շարժական «էլեկտրական հովիվներ»:
Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։ Մինչեւ տարեվերջ ավելի քան 15 000 ծառ կտնկվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերում:
Տնկվող վայրի ծառատեսակները՝ տանձենին, նշենին եւ փշատենին, աճեցված են Հայաստանի համար բոլորովին նոր, փորձարարական տեխնոլոգիայով: Դա թույլ է տալիս անտառից հավաքված սերմերից ստանալ առողջ տնկիներ։ Ծառատունկն իրականացվել է կոնկրետ սկզբունքով. ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին հատուկ եւ պտղատու ծառեր: Այդպիսով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաեւ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը եւ անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել կենդանական աշխարհի համար:
«Հստակ չեմ հիշում, թե արդեն որերորդ ծառն եմ տնկում, բայց կարող եմ ասել, որ կյանքը պահանջում է նվիրում: Եթե մենք ցանկանում ենք ապրել առողջ, գեղեցիկ, մաքուր եւ անվտանգ միջավայրում, ապա պետք է լինենք ոչ թե միայն սպառող, այլեւ ներդրում կատարող: Խոսքը միայն ֆինանսական ներդրման մասին չէ: Հոգատարությունն ու խնամքը, աշխատասիրությունն ու հետեւողականությունը եւս կարեւոր են: Իսկ երբ այդ արժեքների շուրջ լինում է նաեւ համախմբում՝ արդյունքն ավելի շոշափելի է լինում: Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմերն ու աշխատակիցները վաղուց առաջնորդվում են այդ սկզբունքով՝ դրական օրինակ հանդիսանալով երիտասարդության համար: Ամեն ծառ նոր կյանքի խորհրդանիշ ու առողջ միջավայրի երաշխիք է: Հոգ տարեք միջավայրի մասին. դա շատ կարեւոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Իրականացվող ծրագրի շրջանակում, հիմնվել է նորարարական տնկարան: Այստեղ տնկիներն աճեցվում են սերմերից եւ ամբողջ տարի հետեւողական աշխատանք է տարվում աճեցման գործընթացի խիստ ու հստակ պահանջները պահպանելու համար: Արդյունքում՝ հնարավոր է լինում ստանալ կենսունակ, առողջ եւ տվյալ բնակավայրի կլիմայական պայմաններին դիմակայելու ունակ տնկիներ։ Այս տեխնոլոգիան գնահատվել եւ հաջողված է համարվել ԱՄՆ անտառային ծառայության եւ Օրեգոնի անտառագիտության եւ անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեվիսի կողմից։ FPWC-ն նրա հետ արդեն իսկ ձեռք է բերել կարեւոր համաձայնություն. 2020 թվականից սկսել աճեցման տեսանկյունից բարդ՝ կարմիրգրքային ծառատեսակների աճեցման տեխնոլոգիայի մշակման ու իրականացման ծրագիր։