16:53 | 30.10.19 | Նորություններ | 11617
Հոկտեմբերի 26-ին Renderforest ընկերության գրասենյակում տեղի ունեցավ 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասնագիտություններին՝ ՏՏ-ին, թվային մարքեթինգին եւ դիզայնին նվիրված ReInvent by Renderforest կոնֆերանսը։
Հանդիպման նպատակն էր խթանել Հայաստանում նշված մասնագիտությունների զարգացմանը, ինչպես նաեւ փորձի փոխանակման հարթակ ստեղծել թվային ոլորտի մասնագիտություններով հետաքրքրվողների համար։
Միջոցառման ընթացքում 27 խոսնակները ելույթ ունեցան ըստ մասնագիտական ոլորտի առանձնացված 3 դահլիճներում եւ իրենց գիտելիքներով ու փորձով կիսվեցին 500 մասնակիցների հետ։
Հանդիպման գլխավոր՝ մարքեթինգի դահլիճից, կար նաեւ ուղիղ միացում, որին հնարավորություն ունեցան հետեւել ոլորտով հետաքրքրվողները։ Ելույթների թեմաները բազմազան էին․ թվային մարքեթինգի առաջիկա տարվա թրենդներից մինչեւ բրենդինգ եւ արհեստական բանականություն։ Օրվա վերջում՝ ելույթներից հետո, տեղի ունեցան պանելային քննարկումներ, որոնց ընթացքում խոսնակներն ու մասնակիցները հնարավորություն ունեցան ամփոփելու օրվա ընթացքում քննարկվող տարաբնույթ թեմաները։
Renderforest ընկերությունը հանդիսանում է Երեքը մեկում բրենդավորման բազմաֆունկցիոնալ հարթակ, որն իր օգտատերերին տրամադրում է գործիքներ՝ կարճ ժամանակում վիդեոանիմացիաներ, լոգոներ եւ վեբ կայքեր պատրաստելու համար։
Ընկերությունը ներկայումս ունի 10 միլիոն օգտատեր եւ հանդիսանում է վիդեոանիմացիաների ստեղծման ամենամեծ հարթակն աշխարհում։ Այն ընդգրկվել է հեղինակավոր G2crowd հարթակի 2019թ․ ծրագրավորման 100 լավագույն ընկերությունների շարքում (Best Software Companies 2019 Awards)։