14:25 | 26.09.19 | Նորություններ | 2070
Նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում «Դասո», «Թալես», «Սիմենս», «IBM», «Լեոնարդո», «Էլետրոնիկա» հայտնի ընկերությունների հետ կան նախնական պայմանավորվածություններ՝ Հայաստանում գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր սկսելու վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Նրանք հասկանում են, որ եթե ուզում են մեր երկրում երկար ժամանակ աշխատել, ապա պետք է Հայաստանում շարունակաբար ունենան լավ մասնագետներ: Աշխատելու շատ տեղ ունենք, պետք է լուրջ աշխատենք, լավ աշխատենք, ներգրավենք լավագույնը։ Նախ եւ առաջ պետք է կրթության ուղղությամբ աշխատենք։ «Դասո»-ն, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն Հայաստան գալով պետք է վստահ լինեն, որ բարձր որակի մասնագետներ կան։ ATOM ծրագիրը հենց դա է ենթադրում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։
ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությունն ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այն կներառի գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ եւ համալսարաններ, կստեղծվի նաեւ «Վաղվա թանգարան»: