16:57 | 10.09.19 | Նորություններ | 10224

Մի խումբ երիտասարդներ հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն ու Արագածոտնի մարզի հասակակիցները այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ:

Ավելի քան տասը տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը երիտասարդներին օգնում է բացահայտել ոլորտի առանձնահատկություններն ու պատկերացնել, թե ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը:

Ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված հերթական խումբը ծանոթացել է տարբեր ստորաբաժանումների աշխատանքին, եղել զանգերի եւ սպասարկման կենտրոններում:

Շրջայցի ավարտին պատանիները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին եւ ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Մասնավորապես՝ ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն եւ շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը:

«Դուք այնպիսի տարիքում եք, երբ ձեզ շրջապատող ամեն ինչ խորը տպավորություն է թողնում ներքնաշխարհի վրա եւ կարող է որոշիչ դեր կատարել՝ ապագայի ճանապարհների ընտրության հարցում: Ձեւավորվում են նախասիրություններ, որոնք էլ որոշիչ դեր են խաղում մասնագիտության ընտրության հարցում: Կարծում եմ՝ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կընդլայնեն ձեր մտահորիզոնը եւ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ինչ մասնագիտություն էլ ընտրեք ապագայում, չվախենա՛ք սխալվելուց, փորձեք լինել հետեւողական, պատասխանատու, աշխատասեր եւ համարձակ: Այդ հատկանիշները կօգնեն հաջողության հասնել»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Պատանիները ծանոթացել են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին եւ շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Հանդիպումն ուղեկցվել է զրույցով եւ ինտերակտիվ հարց ու պատասխանով: