16:24 | 06.08.19 | Նորություններ | 8942

Develandoo-ն and Granatus Ventures-ը միասին կնպաստեն հայաստանյան ստարտափների զարգացմանը

Develandoo եւ Granatus Ventures ընկերությունները գործընկերության պայմանագիր են ստորագրել, որի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել ստարտափների զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանը որպես գլոբալ հավակնություններով կենսունակ ստարտափների ստեղծման հարթակ դառնալուն։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է օգոստոսի 3-ին ՝ Հայաստանում անցկացվող «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019-ի» շրջանակում, Գրանատուս Վենչուրս ընկերության կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանի եւ Develandoo ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանի կողմից։

Granatus Ventures-ից տեղեկացրել են, որ այսուհետ ստարտափները հնարավորություն ունեն ստանալ եւ՛ ֆինանսավորում, եւ՛ արհեստական բանականության ոլորտի փորձառություն, որը մեծապես կնպաստի նրանց զարգացմանը եւ կընդլայնի շուկայում նրանց առաջմղման հնարավորությունները։ Եւ՛ Develandoo, եւ՛ Granatus Vеntures ընկերությունները գործելու են որպես սկզբնական փուլի ներդրողներ եւ ունենալու են խորը ներգրավվածություն արհեստական բանականության տեխնոլոգիաներ զարգացնող ստարտափների հետ աշխատանքում։

«Մենք գիտակցում ենք ներդրումային գործընթացում այնպիսի ծառայությունների տրամադրման կարեւորությունը, որոնք իրական հավելյալ արժեք են ստեղծում պորտֆելային ընկերությունների համար։ Սա հիանալի հնարավորություն է իրենց համար, օգտագործելով այս փորձառությունը, դուրս գալու միջազգային շուկա»,- նշել է Մանուկ Հերգնյանը:

Develandoo ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանն էլ հավելել է, որ համատեղ գործընկերությունը մեծապես կնպաստի վենչուրային ներդրումների ընդլայնմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Develandoo ընկերությունը արհեստական բանականության ինովացիոն լաբորատորիա է, որը մասնագիտացած է վաղ փուլում ընկերությունների ստեղծման եւ կառուցման գործընթացներում։ Այն հիմնադրվել է 2014թ. Մյունխենում։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր նաեւ Հայաստանում եւ ԱՄՆ-ում։ Այն աշխատում է տարբեր նախագծերի ուղղությամբ, որոնց հիմքում արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիական լուծումներն են:

Գրանատուս Վենչուրսը, որը հիմնադրվել է 2013 թ., Հայաստանում առաջին տեխնոլոգիական վենչուրային ընկերությունն է, որը տրամադրում է ներդրումներ, փորձառություն եւ կապեր այն ստարտափներին, որոնք իրացնում են Հայաստանի ներուժը որպես զարգացող տեխնոլոգիական հանգույց: