14:28 | 29.07.19 | Նորություններ | 12325

Հայտնի է «Ռոստելեկոմ»-ի ուսանողական ծրագրի հաղթողը

«Ռոստելեկոմ»-ի ամենամյա «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի 2019թ․արդյունքներն ամփոփվել են հուլիսի 29-ին:

Նախագծին այս տարի մասնակցում էին ընտրական փուլը հաղթահարած շուրջ 20 ուսանողներ ամենատարբեր բուհերից:

«Նման նախագծերի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդ մասնագետներին մուտք գործելու «Ռոստելեկոմ»-ի նման խոշոր ընկերությունների ներքին էկոհամակարգ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթին, շփվելու փորձառու մասնագետների հետ, ինչու չէ՝ նաեւ ինքնադրսեւորվելու։ Փորձը ցույց է տալիս, որ նախագծի շնորհիվ այսօրվա ուսանողները աշխատանքի անցնելիս մի քանի քայլ առաջ են լինում իրենց հասակակիցներից եւ հաջողում են իրենց աշխատանքում, ստարտափ կամ այլ նախաձեռնությունների ընթացքում։ Միեւնույն ժամանակ ուրախ ենք, որ նախագծի արդյունքում մեր անձնակազմը համալրում են երիտասարդներ, ովքեր ունեն ձգտում, թարմ մոտեցումներ ու գաղափարներ, գիտեն՝ ինչպես հասնել սեփական նպատակներին, անհատականություն են։ Շնորհավորում ենք հաղթողին եւ բարի գալուստ «Ռոստելեկոմ»»,- նշել է «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ծրագիրն իրականացվում է արդեն 5-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց համախմբվել մեկ գաղափարի շուրջ։ Հաղթող դառնալու համար չկա հստակ սահմանված ճանապարհ։ Այստեղ մասնակիցները կարող են ռիսկի դիմել, ներկայացնել համարձակ ու նորարար գաղափարներ՝ վերագնահատել իրենց իսկ ուժերը։ Ընկերությունն իր հերթին աջակցում է նրանց՝ ապահովելով գիտելիքների բազա ու փորձառու մասնագետների մշտական խորհրդատվություն։ Արդյունքում՝ յուրաքանչյուր տարի ծրագրի մասնակիցներից առնվազն 4-5-ը միանում են մեր թիմին՝ որպես աշխատակից, իսկ մյուսների համար, վստահ եմ, սա հետաքրքիր փորձառություն է եւ «Ռոստելեկոմ»-ին կապող լավ հիշողություններ»,- ասել է «Ռոստելեկոմ»-ի մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը։

Սեմինարներից բացի, մասնակիցները գործնական անհատական եւ թիմային նախագծեր են իրականացնում՝ ծանոթանալով թիմային աշխատանքի առանձնահատկություններին, ձեռք բերելով համատեղ լուծումներ առաջարկելու եւ խնդիրները հաղթահարելու հմտություններ։

Նախագծի մասնակիցները մոտիվացվում էին նաեւ մրցանակով, այն է՝ ընկերությունում վճարովի եռամսյա ուսուցում անցնելու հնարավորությամբ, որը լավ արդյունքների պարագայում կարող է հետագայում մշտական աշխատանքի առաջարկի վերածվել։ Ընդ որում, ստորաբաժանման ընտրությունը մասնակցինն է լինելու։

«Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» նախագծի հաղթող է ճանաչվել Երեւանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Նելլի Փափազյանը։

Ստեղծագործ մտածողությամբ աչքի ընկած բոլոր ուսանողները, ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս աշխատանքի առաջարկներ կստանան համապատասխան բաժիններում։