11:11 | 23.07.19 | Նորություններ | 10581
Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում:
Կոթիում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի հյուսիսային թաղամասերից մեկն ամբողջությամբ՝ շուրջ 1550 մ երկարությամբ ճանապարհ: Ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կլուծի երեկոյան ժամերին անվտանգ երթեւեկելու եւ քայլելու խնդիրը: Կարեւոր ձեռքբերումներից կլինի նաեւ ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:
«Մենք այս տարի շարունակում ենք այն, ինչ նախաձեռնել ենք տարիներ առաջ. սոցիալական ներդրումների փաթեթի իրականացումը: Այս տարի ուշադրությունը մեծ է լինելու հեռավոր գյուղերում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Լինելու են նաեւ այլ ծրագրեր, սակայն ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է լինելու հատկապես սահմանի գյուղերին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կոթին հարեւան երկրի հետ մոտ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի: Կա փողոցային լուսավորության եւ լիարժեք անվտանգության ապահովման խնդիր: Հակառակորդը ցանկության դեպքում կարող է գյուղը թիրախավորել ավելի հարմար՝ ցերեկային լուսավորության ժամերին: Առավել եւս, բնակիչների ավելի ակտիվ շարժի ժամանակահատվածում: Լուսավորված փողոցը ուղերձ է հակառակորդին, որ մենք այստեղ ենք, գյուղը շնչում է, կա: Մյուս կողմից դա կարեւոր է նաեւ անվտանգության տեսանկյունից. սահմանամերձ գյուղերում գիշերային ժամերին, փողոցի մթության մեջ որեւէ շարժ, երբ տեսանելի չէ, կասկածի տեղիք է տալիս: Նման խնդիրը լուծել համայնքի համեստ բյուջեի միջոցներով՝ հնարավոր չէ»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը: