12:56 | 01.07.19 | Նորություններ | 7363

Ամփոփվել են Bug Bounty: e-Gov հաքաթոնի արդյունքները

Հունիսի 28-ից 29-ը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ռազմավարության «Պետությունը՝ որպես պատվիրատու» (e-Gov) ուղղության աշխատանքների շրջանակում ԱՏՁՄ-ն եւ ArmSec Հիմնադրամը անցկացրել են Bug Bounty: e-Gov հաքաթոնը:

Հաքաթոնի աջակիցներն են «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը, Ucom, VXSoft, Grant Thornton Armenia եւ 1Guard ընկերությունները:

Այն միտված էր բացահայտելու եւ մշակելու ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիություններն ու դրանց լուծման հնարավորությունները:

Հաքաթոնն անց է կացվել «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում 6 թիմի (շուրջ 30 մասնագետների) մասնակցությամբ եւ տեւել է 20 ժամ:

Պետական համակարգի խոցելիություններ հայտնաբերած լավագույնների եռյակում են NGG, Հայդուկ եւ Bug Hunters թիմերը: Մրցանակային ֆոնդը կազմել է $2000 համարժեք դրամ, որը սահմանել են հաքաթոնի աջակիցներ VXSoft եւ Grant Thornton Armenia ընկերությունները: ԱՏՁՄ անդամ` Grant Thornton Armenia ընկերությունն ապահովում է նաեւ մասնակիցների համար պրակտիկայի հնարավորություն:

«Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է աջակցում e-Gov հաքաթոնի իրականացմանը, որի գաղափարը դեռ տարիներ առաջ է ձեւավորվել հայաստանյան ՏՀՏ համայնքում: Այս կարեւոր նախագծում ամբողջական տեխնիկական աջակցությամբ ենք հանդես գալիս` տրամադրելով ամպային լուծումներ, ինտերնետ եւ այլն», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Մենք գտնվում ենք հիբրիդային տիպի պատերազմի պայմաններում եւ կարեւոր է հաղթել մարտի բոլոր դաշտերում՝ այդ թվում տեղեկատվական ազդեցության եւ կիբեռանվտանգության ոլորտներում»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Bug Bounty: e-Gov հաքաթոնի շրջանակում ԱՏՁՄ-ի` ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի` ի դեմս տնօրեն Լեւոն Պետրոսյանի միջեւ կնքվել է Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու գործընթացներում համագործակցության մասին հուշագիր: