11:00 | 26.06.19 | Նորություններ | 2079

«Կասպերսկի». ՀՀ-ում համակարգիչների 41%-ը բախվել է տեղային սպառնալիքով վարակման փորձի

Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի: Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 33%, իսկ Ադրբեջանում՝ 47%։

Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

2018թ. նման սպառնալիքների ենթարկվել է Հայաստանի օգտատերերի համակարգիչների 47,78%-ը՝ 2017թ. 43,92%-ի փոխարեն։ Վրաստանում 2018թ. տեղային գրոհների բախվել է օգտատերերի համակարգիչների 34,01%-ն այն դեպքում, երբ դրանց բաժինը մեկ տարի առաջ կազմել է 31,77%, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 50,08% и 46,97%։

2018թ. աշխարհում գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 35,06% համակարգիչներում, կոշտ սկավառակներում կամ հանովի կրիչներում, իսկ 2017թ.՝ 36,8%-ում։

Տեղային սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) կամ հանովի կրիչների (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների եւ հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ ի սկզբանե համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր եւ այլն)։

Տեղային սպառնալիք են համարվում նաեւ այն օբյեկտները, որոնք օգտատերերի համակարգչում հայտնաբերվում են հակավիրուսային ծրագրով համակարգի առաջին ստուգումից հետո։

Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, եւ դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչները ստուգել հուսալի հակավիրուսով։ Հարկ է միշտ ստուգել նաեւ ներբեռնվող բարդ ինստալյատորները եւ արխիվները։ Վարակումը խոչընդոտում է նաեւ համակարգչում հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթն անջատելը։