15:39 | 25.06.19 | Նորություններ | 8639

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում հաղթել է Minders թիմը

Հունիսի 23-ին Երեւանում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը Հայաստանում 2016թ.-ից հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը:

Երկրորդ տարին անընդմեջ ազգային փուլի անցկացմանը եւ արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանն աջակցում է «Ռոստելեկոմ» Հայաստանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերեց Minders թիմը, որը ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը։ Թիմի անդամ երեխաները՝ Դավիթ Հակոբյանը, Դավիթ Լազյանը եւ Լեւոն Ալեքսանյանը, կիսվում էին իրենց մարզչի՝ Դավիթ Մանուչարյանի հետ հույզերով, պատմում, թե ինչպես իրենց հաջողվեց հաղթահարել հուզմունքը, շտկել անճշտությունները եւ բարձր միավոր վաստակել։ «Այբ» կրթական հիմնադրամը բանակցություններ կվարի միջազգային կազմակերպչի հետ եւ կքննարկի Minders թիմի՝ նոյեմբերին Հունգարիայում կայանալիք միջազգային փուլին մասնակցության պայմանները։

Ռոբոտների համաշխարհային 16-րդ օլիմպիադայի ազգային փուլին այս տարի մասնակցում էին 11 թիմեր, որոնք հավաքվել էին խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով եւ իրենց ռոբոտների հետ պայքարում էին հաղթանակի համար։ Մրցույթի հաղթող թիմի գլխավոր մրցանակը տարեվերջին Հունգարիայում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցությունն էր։

«Երկրորդ տարին ենք աջակցում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը Հայաստանում եւ հաղթողների մասնակցությանը համաշխարհային հարթակներում: 2018թ-ին հայաստանյան հաղթող թիմը Թաիլանդում ի թիվս 23,000 միջազգային թիմերի բավական հաջող ներկայացավ. դա լուրջ փորձառություն էր երեխաների համար: Տարեցտարի ավելանում է ուշադրությունը դպրոցական տարիքից նման կարեւոր հմտությունների ձեւավորման շուրջ, ինչը շատ ուրախալի է եւ մենք այս կերպ մեր ներդրումն ենք ունենում գործընթացում: Մասնակցությունը միջազգային հարթակներում հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը եւ միեւնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նրա խոսքով, ռոբոտաշինության օլիմպիադային մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները (այդ թվում՝ STEM) ձեւավորում են ապագա ստարտափների ու նոր գաղափարների կրողներ, ինչը նոր հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար։

«Միեւնույն ժամանակ, նման մրցույթներին մասնակցությունը ձեւավորում է ստեղծագործ ու կոնստրուկտիվ մտածողություն, որի կիրառությանը մենք առնչվում ենք հատկապես ստարտափ նախագծերում»,- նշել է Հայկ Ֆարամազյանը։

2016թ. «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան եզակի մրցույթ է, անց է կացվում միջազգային ամենաբարձր մակարդակով, եւ հաղթող թիմը հնարավորություն է ստանում մասնակցելու միջազգային փուլին։ Հայաստանն արդեն 3 տարի է՝ մասնակցում է նաեւ միջազգային փուլին եւ հաջողություններ գրանցում միջազգային այս կարեւոր ասպարեզում։ Առաջադրանքները դժվար են, բայց երեխաները կարողացել են այդ առաջադրանքները շատ լավ կատարել. դա մեզ համար շատ ոգեւորիչ է։

Այս մրցույթով մենք ուզում ենք նաեւ ասել, թե ինչու է կարեւոր ռոբոտաշինությունը։ Առանձին ճյուղերը՝ ծրագրավորումը, մեքենաշինությունը, ապագայում միգուցե ինչ-որ փոփոխություններ կրեն, սակայն ռոբոտը՝ որպես առանձին երեւույթ, դեռ երկար տարիներ շատանալու է մեր կյանքում։ Եթե երեխաները հասկացան այս ամենը դեռ մանկուց, ապագայում շատ ճկուն կարող են լինել, համակերպվել տեխնոլոգիական փոփոխություններին եւ պատրաստ լինել աշխատել այս ուղղություններով»,- նշել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսն այս տարի խելացի քաղաքներն էին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում էին ռոբոտներ, որոնք պետք է կարողանային իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

Օլիմպիադայի ազգային փուլի մասնակից թիմերը ներկայացնում էին հետեւյալ կառույցներն ու կազմակերպությունները՝ «Mind Center», «Whiz Code Academy», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀԱՊՀ Ավագ դպրոց, Ֆիզմաթ դպրոց, Աշնակի միջնակարգ դպրոց: