12:21 | 21.06.19 | Նորություններ | 5110

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կլուծվի եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը միացել են՝ Արարատի մարզի Մրգավետ համայնքում վագոն-տնակում տասներկու տարի բնակվող Մհերյանների ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով:

Գարնան վերջին բնակարանաշինության ծրագրում ընդգրկված Մհերյանները մինչեւ տարեվերջ տուն կունենան:

«Տան շինարարությունը տարիներ առաջ կնոջս հայրը սկսեց: Դժբախտ պատահարի պատճառով նրա կյանքը, ցավոք, ընդհատվեց, իսկ շինարարությունը կիսատ մնաց: Ճիշտ է՝ ես աշխատում եմ, սակայն աճող ընտանիքիս հոգսը թույլ չէր տալիս ավարտին հասցնել տարիներ առաջ սկսած գործը: Ձեր օգնությունն իսկական հրաշք էր մեզ համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սամվելը։

«Սովորաբար մարդկանց համախմբում են հետաքրքրությունները, նախասիրությունները, աշխատանքային պարտականությունները եւ այլն: Ամենաուժեղ կապն ու արդյունքը լինում է այն ժամանակ, երբ մարդկանց միավորում է միեւնույն գաղափարը: Արդեն տեւական ժամանակ, մեր թիմերը միացել են կամավորության արժեհամակարգի շուրջը: Թիմերի միասնական աշխատանքը տեսնելիս, դժվար չէ նկատել, թե որքան դրական էներգիա են նրանք ստանում միասնաբար աշխատելիս եւ այդ էներգիան փոխանցում մյուսներին: Եվ դա պատահական չէ. նրանց առաջնորդում են բարի կամքը եւ օգտակար լինելու ձգտումը: Ուրախ եմ արձանագրել, որ դիմացինին աջակցելու պատրաստակամությունը կենսակերպ է դարձել շատերի համար: Ի վերջո, հրաշալի է, երբ մարդիկ միասին են՝ կառուցելու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքը, ապագայի հանդեպ մեծ հույսով, բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ քարը քարին դնելու համար: Հույսի վկայությունը նոր ծնված երեխան է: Այս ընտանիքում երեք երեխա է մեծանում: Ուրախալի է տեսնել նրանց ոգեւորությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող շինարարական աշխատանքները կավարտվեն տարեվերջին՝ տանիք տրամադրելով գրեթե չորս տասնյակ ընտանիքի: