13:19 | 14.06.19 | Նորություններ | 9543

ՎիվաՍել-ՄՏՍ-ն օժանդակել է Զառիթափ գյուղում լուսավորության էներգախնայող համակարգի ներդրմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, հերթական խնդիրն են լուծել:

Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղն ապահովվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով։ Ծրագիրն իրականացվել է երկու փուլով:

2017թ. կողմերի գործակցությամբ՝ տեղակայվել է 41 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Դրա արդյունքում, լուսավորվել է 1500 մետր երկարությամբ տարածք: Ծրագրի երկրորդ փուլով եւս 42 LED լուսարձակ է տեղադրվել՝ կրկնապատկելով լուսավորված տարածքը: Ընդհանուր առմամբ, երկամյա ծրագրերի արդյունքում, լուսավորվել է Զառիթափ գյուղի փողոցների զգալի մասը՝ շուրջ 3000 մետր երկարությամբ տարածք: Տեղակայվել է լուսադիոդային 83 լուսարձակ:

Էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ համայնքի բնակիչներ:

«Միշտ կարեւոր ենք համարել այն ծրագրերը, որոնց հիմքում երկարաժամկետ արդյունավետությունն է: Հատկապես սահմանամերձ գյուղերում կա դրա անհրաժեշտությունը: Թվում է, թե սրանով լուծվել է ուղղակի արտաքին լուսավորության խնդիր, սակայն օգուտներն ավելին են ու իրենց զգացնել են տալու թե՛ այժմ, թե՛ տարիներ անց: Սա համայնքի համեստ բյուջեն առավել արդյունավետորեն կառավարելու հնարավորություն է. էներգախնայող համակարգի գործարկումից տնտեսված միջոցները կարող են կարեւոր այլ նպատակի ծառայել: Դե իսկ բնապահպանական օգուտների, համայնքային կյանքի աշխուժացման եւ մեր հայրենակիցներին հոգեբանորեն աջակցելու մասին բազմիցս ենք խոսել: Ուրախ եմ լուսավորված հերթական բնակավայրի հաջողության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Զառիթափի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչեւ 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: