12:34 | 11.06.19 | Նորություններ | 2303
Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ը 2019թ․ առաջին եռամսյակում ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների, ինչը 7-րդ ցուցանիշն է աշխարհում։
Այս մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։
Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 29,841 փաթեթ, ինչը 11 հազարով ավելին է, քան 2018թ․ չորրորդ եռամսյակում։
2018թ․ այդ վնասաբեր ծրագրերին բախվել է Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ն այն դեպքում, երբ 2017թ․ նրանց բաժինը կազմել է ընդամենը 0,12%։ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,42%-ը՝ նախորդ տարվա 0,05%-ի փոխարեն, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0,43% եւ 0,14%։
Մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակելով՝ կիբեռհանցագործները տիրանում են օգտատերերի բանկային քարտերի եւ հավելվածների տվյալներին։ Դրա համար վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, եւ օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաեւ ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։
Այդ եւ այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար հարկ է, որ օգտատերերը համացանցում չարձագանքեն կասկածելի «շահավետ» առաջարկներին, որոնք դրդում են տրամադրել անհատական եւ բանկային տվյալներ, ինչպես նաեւ խուսափեն ոչ պաշտոնական աղբյուրներից՝ ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը, որը կկանխարգելի դրանց տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունը։