16:58 | 06.06.19 | Նորություններ | 2347

WCIT 2019-ը ներկայացվել է ասիացի գործարարներին

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը WCIT 2019-ի նախապատրաստական ընթացքը եւ մասնակցության հնարավորությունները ներկայացրել է ասիական 60-ից ավելի ընկերությունների ղեկավարների` WITSA-ի նախագահ Իվոն Չուի հրավերով։

Թայբեյում գործարարների համար կազմակերպված հանդիպմանը նշվել են հոկտեմբերին, համաժողովի օրերին Երեւանում կազմակերպվող «Դիջիթեք 2019» ցուցահանդեսին մասնակցելու, երկրների ՏՏ արդյունաբերությունը միասնական տաղավարներով ներկայացնելու, ոլորտի համաշխարհային առաջատարներին լսելու հնարավորությունները, օրակարգի թեմաները։

«Երեւանում անցկացվելիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի վերաբերյալ մեծ հետաքրքրություն ենք նկատում ասիական ընկերությունների կողմից։ «WCIT 2019»-ը մեր երկիր բերելով, ի սկզբանե նպատակ էինք դրել Հայաստանն ընդգծել աշխարհի ՏՏ գլոբալ քարտեզին՝ ներդրողների եւ գործարարների հետաքրքրությունն առաջացնելու համար։ Տարբեր երկրներում գործարարների հետ վերջին ամիսների մեր շփումները ցույց են տալիս, որ գաղափարն, ըստ էության, արդեն տեսնում ենք գործնական ընթացքի մեջ»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։