15:12 | 03.06.19 | Նորություններ | 9215

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան կենտրոնում նշվել է Երեխաների պաշտպանության օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ), որն այս տարի նշում է հիմնադրման տասնամյակը:

Այդ կապակցությամբ ավելի քան 200 դպրոցականներ նախ՝ փուչիկների, ապա նաեւ լապտերների օգնությամբ պատկերել են ԳԱԿ 10-ամյակի պատկերանշանը:

Beeline-ի հովանավորությամբ իրականացվող «Քո դրոշակը» ստեղծագործական ծրագրի ընթացքում երեխաները Գաֆէսճեան քանդակների պարտեզում պատրաստել են ԳԱԿ արվեստանմուշները պատկերող դրոշակներ:

Այցելուներին նաեւ հնարավորություն են ունեցել մասնակցել Beeline-ի հովանավորությամբ կայացած «Ստեղծիր քո շրջայցը» նոր կրթական նախագծին՝ ուսումնասիրելով Կենտրոնում ցուցադրված արվեստանմուշները եւ միաժամանակ կատարելով մի շարք ինտերակտիվ առաջադրանքներ:

«Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ի աջակցությամբ հունիսմեկյան միջոցառումների հետաքրքիր ծրագիր ենք պատրաստել՝ փորձելով երեխաների համար հիշարժան դարձնել այս տոնը: Մեր երկարատեւ համագործակցության շնորհիվ ամեն տարի ներկայացնում ենք նոր եւ հետաքրքիր ստեղծագործական նախաձեռնություններ»,- նշել է կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս գեղեցիկ տոնի կազմակերպմանը եւ պետք է ասեմ, որ Beeline-ը շատ է գնահատում Գաֆէսճեան կենտրոնի կրթական գործունեությունը։ Լավ կրթությունն ապահով եւ լիարժեք ապագայի գրավականն է, հետեւաբար մեր երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցն է»,- ասել է Beeline-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանի ամենահայտնի երիտասարդական էթնիկ ռոք խմբերից մեկի՝ ԹմբաԹա նվագախմբի բացօթյա համերգն էլ աշխուժացրել է տոնական մթնոլորտը, իսկ միջոցառումների ավարտն ազդարարվել է ճոխ հրավառությամբ:

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր: