15:39 | 23.05.19 | Նորություններ | 10098

«Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում ներդրվել է 2Hz ընկերության Krisp համակարգը

«Ռոստելեկոմ» եւ 2Hz (Թու հերց) ընկերությունները հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։

«Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնի մի քանի տասնյակ համակարգիչներում ներդրվել է Krisp հավելվածը, որը հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Այն հիմնված է արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մեթոդների վրա, որն իրենից ներկայացնում է վիրտուալ միկրոֆոն եւ սփիկեր համակարգչի համար։

Krisp-ը 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտն է։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ եւ մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ. ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։

«Հայաստանյան ստարտափների կողմից վերջին տարիներիս ստեղծվում եւ գործարկվում են ինովացիոն լուծումներ, որոնք եզակի (ունիկալ) են իրենց բնույթով ամբողջ աշխարհում։ Ստարտափները մշտապես եղել են «Ռոստելեկոմ»-ի ուշադրության կենտրոնում, ինչի շնորհիվ մենք համալրել ենք մեր ծառայությունները տարբեր նոր լուծումներով, եւ այսօր հայտարարում ենք եւս մեկ համագործակցության մեկնարկի մասին՝ մեր Զանգերի կենտրոնում ներդրել ենք 2Hz ընկերության Krisp հավելվածը, որը հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին տրամադրել առավել բարձրորակ ծառայություններ։ «Ռոստելեկոմ»-ը առաջին ընկերությունն է Հայաստանում, ով ներդրել է այս ծրագրի բետա տարբերակը, մի քանի շաբաթից՝ նաեւ ամբողջական տարբերակը։ Համոզված եմ, որ մենք օրինակ կհանդիսանանք հայաստանյան այլ ընկերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց համար, եւ նրանք նույնպես կօգտվեն հայաստանյան ծագումով այս բացառիկ հավելվածից»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Krisp Windows հավելվածը Beta տարբերակով արդեն օգտագործվում է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում։

«Մենք շատ ուրախ ենք «Ռոստելեկոմ»-ի հետ համագործակցության համար։ Ուրախալի է տեսնել, որ մեր արտադրանքը, որն ի սկզբանե նախագծվել է միջազգային շուկաների համար, վայելում է նաեւ հայկական ընկերությունների հետաքրքրությունը եւ ակտիվորեն ներդրվում տեղական շուկայում»,- ասել է 2Hz ընկերության համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը։

2Hz-ի Krisp հավելվածը աշխատում է MacOS եւ Windows համակարգերում։ Krisp-ի միջոցով օգտատերերը կարող են զանգ կատարել համակարգչից ցանկացած վիդեո հավելվածով՝ Skype, Viber, WhatsApp, Zoom, Webex եւ այլն։

Զանգի ընթացքում հավելվածը հեռացնում է զանգահարողին շրջապատող աղմուկը զանգի մյուս մասնակիցների համար եւ մյուս կողմից՝ մասնակիցների շուրջն առկա աղմուկը՝ զանգահարողի համար։

«Krisp ծրագիրը հնարավորություն է տալիս ապահովելու Զանգերի կենտրոնում հեռախոսային սպասարկման առավել բարձր որակ բոլոր բաժանորդների համար։ Մեզ համար շատ կարեւոր է հաճախորդի յուրաքանչյուր բառը, եւ հավելվածի շնորհիվ մուտքային եւ ելքային զանգերում չեզոքացվում, կարելի է ասել՝ վերացվում է շրջապատի աղմուկը, ինչի արդյունքում խոսքը երկկողմանի ավելի հստակ ու պարզ է դառնում։ Աղմուկը հեռախոսային օպերատորների համար լուրջ խնդիրներ է առաջացնում, եւ անգամ միջազգային խոշոր զանգերի կենտրոնները ամենատարբեր ձեւերով փորձում են հնարքներ կիրառել, ծախսումներ կատարել խնդրի լուծման համար։ Այժմ արդեն Krisp հավելվածի միջոցով, ընդամենը համակարգչում տեղադրելով, հնարավոր է դառնում լուծել աղմուկի խնդիրը եւ կենտրոնանալ բուն աշխատանքի շուրջ»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Աննա Անանյանը։

Krisp Windows հավելվածի ամբողջական տարբերակը հասանելի կլինի հունիսի տասներկուսին։