12:31 | 20.05.19 | Նորություններ | 1973

Atos-ի փոխնախագահ. ՀՀ տեխնոլոգիական ներուժը միացյալ ուժերով աշխարհում կարող է առաջատար դառնալ

Փարիզում անցկացվող VivaTech 2019 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ծրագրային ապահովում իրականացնող Atos ընկերության առեւտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Հակոբ Արշակյանը Atos ընկերության փոխնախագահին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը տեղեկացրել է նոր ձեւավորվող՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձեւավորման մասին, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող կառուցվածքային եւ ծրագրային այն փոփոխություններ, որոնց արդյունքում բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացում կունենա:

Ռոբերտ Վասոյանը կարեւորելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը՝ անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին։ Նա նշել է, որ մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում ու հիացած է հայ տաղանդներով, եւ որ տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերություններն իրենց տաղանդավոր մասնագետներով կարող են համեմատվել աշխարհի ցանկացած երկրի հեղինակավոր այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում։

Atos ընկերության փոխնախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, աջակցել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին։ Նա ընդգծել է, որ միացյալ ուժերով հայկական տեխնոլոգիական ներուժը կարող է դառնալ առաջատար ամբողջ աշխարհում։

Հակոբ Արշակյանը Ռոբերտ Վասոյանին հրավիրել է մասնակցելու Հայաստանում կայանալիք WCIT-2019-ին: