17:12 | 17.04.19 | Նորություններ | 3733
Volo հայկական ՏՏ ընկերությունը մեկնարկել է նոր արշավ, որի նպատակն է Հայաստանում զարգացնել աշխատանքի ընդունման էթիկական մոտեցումը:
Արշավը ստացել է «Մենք չենք «որսում», այլ աշխատանքի ենք ընդունում» կարգախոսը:
«Այն գաղափարը, որ գողանալը սխալ երեւույթ է, մեզ սովորեցնում են վաղ տարիքից: Այնուամենայնիվ, երբ հերթը հասնում է մրցակիցներից աշխատակիցներ գողանալուն, բարոյական նորմերը որոշ պատճառով մոռացվում են… Ընկերություններն այսօր ցանկանում են մասնագետների, որոնք ունեն անհրաժեշտ փորձ: Ցանկանում են գտնել աշխատակիցներ, որոնք ոչ միայն կրթված են, այլեւ հասկանում են տվյալ ոլորտից եւ աշխատավայրի մշակույթից: Աշխատանքի ընդունող շատ մենեջերների համար նման աշխատակիցներ գտնելու գլխավոր աղբյուրն իրենց մրցակից ընկերություններն են»,- նշել են ընկերությունում:
Արշավի նպատակն է ցույց տալ, որ Volo-ի համար կարեւոր են այն աշխատակիցները, որոնք ընկերություն են գալիս` գնահատելով առաջին հերթին ընկերության արժեքները:
«Մեր ընկերությունն ամբողջովին դեմ է տաղանդների որսի պրակտիկային, քանի որ այն խախտում է շուկայի հավասարակշռությունը եւ անհարկի լարվածություն առաջացնում»,- բացատրել են Volo-ում:
Volo ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին. եւ ներկայումս ունի 7 մասնաճյուղ, որոնցից 4-ը գործում են Հայաստանում, իսկ 3-ը՝ Ուկրաինայի տարբեր քաղաքներում: