15:08 | 10.04.19 | Նորություններ | 2974
Ֆրանսիական Sigfox ընկերությունը, որը զբաղվում է իրերի ինտերնետի համար նախատեսված կապի սարքերի եւ ենթակառուցվածքների ներդրմամբ, պատրաստակամություն է հայտնել համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ:
Այս մասին ասել է Sigfox ընկերության գործադիր տնօրեն Լյուդովիկ Լե Մոանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպման ընթացքում՝ Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպել իրերի ինտերնետի երեք ամիս տեւողությամբ դասընթացներ՝ SIGFOX-ի ունեցած եւ աշխարհի տարբեր երկրներում տեղ գտած կրթական հարթակի միջոցով, որի արդյունքում ուսանողները կծանոթանան իրերի ինտերնետի ուղղությամբ աշխարհի ամենաառաջանցիկ տեխնոլոգիաներին եւ հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ցանցի աշխատանքներին, ինչպես նաեւ ստեղծելու իրենց IoT ստարտափը:
Լյուդովիկ Լե Մոանը նշել է, որ պատրաստ են համագործակցել Հայաստանում գտնվող IoT ստարտափների հետ, ինչը երկուստեք նոր հնարավորություններ կստեղծի ամբողջ աշխարհում տարածելու իրենց տեխնոլոգիաները։
Հանդիպմանը Հակոբ Արշակյանը Լյուդովիկ Լե Մոանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9 Երեւանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին:
SIGFOX-ի լուծումներն աշխարհի ավելի քան 60 երկրներում մեկ միլիարդից ավելի մարդկանց թույլ են տալիս ուղարկել եւ ստանալ փոստային առաքանիներ եւ այլ իրեր՝ առցանց հետեւելով դրանց տեղաշարժին, օգտագործելով ավելի քանի 50 անգամ ավելի քիչ էներգիա, քան դասական տեխնոլոգիաներով։ Նշված տեխնոլոգիաները նաեւ լայնորեն կիրառվում են խելացի քաղաքներում օգտագործվող այլ ուղղություններով։