11:23 | 08.04.19 | Նորություններ | 1971

Հայաստանն ու Ռուանդան մեկնարկում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը

Ռուանդա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Smart Africa կենտրոն:

Աֆրիկյան երկրների ղեկավարների եւ կառավարությունների կողմից ստեղծված եւ մայրցամաքի 25 երկրներին միավորող Smart Africa կենտրոնի նպատակն է ապահովել մայրցամաքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ թվային օրակարգի եւ նորարարության վրա հիմնված տնտեսության ստեղծումը:

Կենտրոնում կայացել է ԱԳ նախարար Մնացականյանի եւ նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը կենտրոնի գլխավոր տնօրեն Լացինա Կոնեի հետ:

Վերջինս ներկայացրել է էլեկտրոնային կառավարման եւ տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, Աֆրիկա մայրցամաքի թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը եւ դրանցում այլ երկրների փորձը կիրառելու հնարավորությունները:

Զոհրաբ Մնացականյանը Լացինա Կոնեին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը, որի առանցքը ոլորտում առկա ներուժի համախմբման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումն է:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Այցի շրջանակում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը եւ «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լեւոն Բաբայանը ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության եւ էլեկտրոնային կառավարման ոլորտում Հայաստանի փորձը՝ կարեւորելով այդ ոլորտներում նաեւ աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը եւ Smart Africa կենտրոնը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների, ինժեներության եւ կրթության ոլորտներում։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կարեւորում է Smart Africa-ի հետ համագործակցությունը, քանի որ այն ազդարարում է Հայաստանի եւ Ռուանդայի միջեւ համատեղ նորարարական եւ հետազոտական ծրագրերի իրականացման, բարձր տեխնոլոգիաների եւ ինժեներության ոլորտներում համագործակցության, համալսարանների միջեւ կապերի խթանման, բիզնես շրջանակների փոխգործակցության, ինչպես նաեւ երկու երկրների տարբեր մարզերում Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների մոդելների ներդրման մեկնարկը»,- ընդգծել է Ամալյա Եղոյանը։