14:08 | 04.04.19 | Նորություններ | 2187

Cloud Study Jam 2019-ը թույլ կտա ծանոթանալ Google-ի ամպային հարթակին

Ապրիլի 6-ին 256 Hub-ում տեղի կունենա GDG Yerevan-ի եւ 256 HUB-ի համատեղ կազմակերպած Cloud Study Jam 2019 Yerevan միջոցառումը։

Cloud Study Jam-ը հնարավորություն է տալիս աշխատել Google Cloud Platform Essentials-ի 3 լաբորատորիաներում, ծանոթանալ Google Cloud հարթակի հիմունքներին, եւ սովորել, թե ինչպես կարելի է օգտագործել հարթակը՝ տվյալների մշակման համար։

Մասնակցությունը բաց է բոլորի համար։ Հարկավոր է գրանցվել այստեղ:

Itel.am-ի հետ զրույցում Google Developer Group (GDG) Armenia-ի համակարգող Վարդան Պապիկյանը տեղեկացրել է, որ մասնակիցներին կտրվի Quiklabs-ի անվճար մուտքի հնարավորություն, որը թույլ է տալիս ստանալ գործնական գիտելիքներ՝ Docker-ի, Kubernetes-ի եւ Scientific Data Processing-ի վերաբերյալ, կատարել լաբորատոր առաջադրանքներ եւ այլն։

«Մասնակիցներն անվճար կօգտվեն լաբորատորիայից, այնուհետեւ հնարավորություն կունենան աշխատանքն ավարտել տանը, եւ ստանալ Google-ի կողմից տրամադրված անվանաքարտ՝ իրենց օնլայն պրոֆիլին կցելու համար»,- նշել է նա:

Միջոցառման հատուկ հյուրն է Google Cloud-ի լոնդոնյան թիմի գլխավոր ինժեներ Արմեն Մնացականյանը, ով կներկայացնի SREs (Site Reliability Engines) on Google թեման, ինչպես նաեւ հարց ու պատասխանի շրջանակում կպատասխանի մասնակիցների հարցերին։

Միջոցառմանը ցանկալի է ներկայանալ համակարգչով (նոթբուք կամ Chromebook), որոնցում տեղադրված կլինի Chrome կամ Firefox դիտարկիչ: