11:03 | 04.04.19 | Նորություններ | 6084

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի

Ստարտափներով հետաքրքրված եւ սեփական նախագծերն իրականացնող եվրոպացի 25 սկսնակ ձեռնարկատեր այս շաբաթ Հայաստանում են։

Ապրիլի 3-ին նրանք հյուրընկալվել են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) գրասենյակում։

Business Angel Network of Armenia-ի համահիմնադիր Գեւորգ Պողոսյանը պատմել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, հայկական ինովացիոն լուծումների մասին, BANA-ի փոխտնօրեն Սոնա Վեզիրյանը ներկայացրել է հրեշտակ ներդրողների գործունեությունը, իսկ «Sprint» քրաուդֆանդինգային ֆոնդի ղեկավար Կարեն Վարդանյանը խոսել է քրաուդֆանդինգի առանձնահատկությունների մասին:

8 երկրների ակտիվ երիտասարդներն իրենց ստարտափները զարգացնելու համար Հայաստանում ստանում են հմտություններ «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» խորագրով մեկշաբաթյա սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է «Կրթական եւ մշակութային կամուրջներ» ՀԿ-ը՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։ Միջազգային փորձագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը, վերապատրաստում են մասնակիցներին՝ տալով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ, նաեւ գաղտնիքներ, թե ինչպես սկսել փոքր բիզնեսը եւ զարգանալ շուկայի պահանջներին համընթաց:

Միջազգային ծրագիրն իրագործվում է 3 փուլով՝ սեմինար, այնուհետեւ երիտասարդական փոխանակման ծրագիր եւ արդյունքների գնահատում: Ծրագրի գնահատման վերջին փուլը կիրականացվի Ֆրանսիայում՝ 2019թ. հոկտեմբերին:

Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է: 2017թ. գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափում: