18:07 | 01.04.19 | Նորություններ | exclusive 5775

Granatus Tech4SDG. Գրանատուս Վենչուրս-ը ՄԱԶԾ աջակցությամբ ներդրումային ֆոնդ է ստեղծում

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն ու Գրանատուս Վենչուրս ընկերությունն այսօր ստորագրել են պայմանագիր, որով հիմք է դրվել Granatus Tech4SDG վենչուրային ֆոնդի ստեղծմանը։

$40 միլիոն թիրախավորված կապիտալով ֆոնդը ներդրումներ կիրականացնի սոցիալական եւ բնապահպանական բարենպաստ ազդեցություն ունեցող տեխնոլոգիական ընկերություններում։

Նախաձեռնությունն ուղղված է լրացնելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին մինչեւ 2030թ. հասնելու համար գոյություն ունեցող ներդրումային բացը։

ՄԱԶԾ Հայաստանի ներդրումների գծով խորհրդական Վահագն Ոսկանյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ հիմնադրամը հավանաբար գրանցվելու է ԵՄ-ում, քանի որ ներդրողներն իրենց ավելի վստահ են զգում, երբ համագործակցում են եվրոպական օրենսդրությամբ գործող հիմնադրամների հետ:

Վահագն Ոսկանյանի խոսքով, հիմնադրամի ստեղծման նախապատրաստական աշխատանքները տեւել են մեկ տարուց ավելի:

«Մենք ընտրության երկար գործընթաց ենք անցկացրել, արդյունքում ընտրվել է Գրանատուս Վենչուրսը` որպես լավագույն առաջարկի հեղինակ: Այսօր մենք աջակցում ենք մի ֆոնդի, որը սեփական միջոցներից բացի, ներգրավելու է միջազգային ներդրումներ, եւ դա անելու է ՄԱԶԾ-ի աջակցությամբ»,- ընդգծել է նա:

ՄԱԶԾ-ն հիմնադրամին կաջակցի սոցիալական ազդեցության չափման եւ կառավարման հարցերում եւ կտրամադրի ներդրումային գործընթացներում բնապահպանական, սոցիալական եւ կառավարման միջազգային չափանիշները կիրառելու իր փորձը։ ՄԱԶԾ-ն կտամադրի նաեւ ֆոնդի կառուցվածքի ձեւավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ինչպես նաեւ կաջակցի ներդրումային միջոցների հավաքագրման եւ հիմնական շուկաներում ներդրումային հնարավորությունների բացահայտման գործընթացում։

Granatus Tech4SDG ֆոնդի նպատակն է կիրառել զարգացող տեխնոլոգիաներն ու առկա տեխնիկական ներուժը՝ դրանք ուղղելով սոցիալական եւ բնապահպանական ազդեցության ընդլայնմանը, ինչպես նաեւ նվազեցնել ներդրումային գործընթացներում առկա բնապահպանական, սոցիալական եւ կառավարման ռիսկերը։

Գրանատուս Վենչուրս-ի համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանի խոսքով, հիմնադրամի թիրախում ամբողջ աշխարհի, մասնավորապես, զարգացող երկրների ընկերություններն են: Նա տեղեկացրել է, որ նախատեսում են $1-3 մլն արժողությամբ ներդրումներ կատարել՝ սաղմնային փուլից մինչեւ Ա եւ Բ ներդրումային ռաունդներ:

«ՄԱԶԾ-ն այստեղ հանդես չի գալիս որպես ներդրող, այլ օժանդակում է հիմնադրամի մեկնարկին: Հիմնադրամն իր հերթին ունենալու է ինստիտուցիոնալ ներդրողներ: Մենք միշտ ցանկացել ենք, որ մեր հիմնադրած երկրորդ ֆոնդի կիզակետում լինեն առանցքային մարդկային հիմնախնդիրների լուծումները՝ օգտագործելով տեխնոլոգիաների ներուժը: Այս առումով, ՄԱԶԾ կայուն զարգացման նպատակները շատ լավ շրջանակ են»,- ընդգծել է Մանուկ Հերգնյանը:

Նախաձեռնությունը հանդիսանում է ՄԱԶԾ Հայաստանի կողմից իրականացվող «Տեխնոլոգիաները հանուն Կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հարթակ» ծրագրի մաս, որի նպատակն է վերհանել տեղական եւ միջազգային մասնավոր ֆինանսավորման ներուժը՝ ի նպաստ ԿԶՆ-ների իրագործման։