10:58 | 18.03.19 | Նորություններ | 2231

Գյումրիում կայացել է «Աղջկա նման» կանանց զորեղացման ծրագիրը

Girls in Tech համաշխարհային ցանցի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ Գյումրիում կայացել է «Աղջկա նման» կանանց զորեղացման ծրագիրը:

Միջոցառման խոսնակներն էին ԼՈՖԹ կենտրոնների գլխավոր տնօրեն Արեւիկ Համբարձումյանը, Թումո Գյումրիի ղեկավար Նարե Ավագյանը, բժիշկ-սննդաբան, ԱՓՍԵ-ի համահիմնադիր Վարդանուշ Պետրոսյանը եւ «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի ղեկավար Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցինա):

Նախաձեռնությունն անվանվել է #LikeAGirl կամ «աղջկա նման», որը համաշխարհային մեծ արձագանք ստացած արշավ էր՝ ուղղված կանանց կարողությունների թերագնահատման դեմ: Հայաստանում նույնանուն նախաձեռնության նպատակն է անդրադառնալ հաջողակ կանանց պատմություններին եւ ոչ միայն օրինակ ծառայել կանանց ու աղջիկների համար, այլ նաեւ վերաիմաստավորել «աղջկա նման» արտահայտությունը, քանի որ աղջիկները նույնպես շատ հաճախ հաղթում ու հաջողության են հասնում:

Միջոցառումը Գյումրի տեղափոխելը հատուկ նպատակ էր հետապնդում՝ ապակենտրոնացնելու մայրաքաղաքում խտացած ակտիվությունն ու ստեղծելու հնարավորություններ՝ նաեւ մարզերի կանանց եւ աղջիկների համար:

«Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, քանի որ «աղջկա նման» արտահայտությունը չպետք է օգտագործել թերագնահատելու համար որեւէ երեւույթ: Փոխարենը այս հաջողության պատմությունների միջոցով մենք ապացուցում ենք, որ աղջիկները ոչ միայն լավ ղեկավարում են, այլեւ կարողանում են համարձակ լինել եւ հաջողության հասնել, հետեւաբար արժանի են հավասար վերաբերմունքի եւ գնահատականի»,- նշել է Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Պապոյանը:

Իր պատմությունն ու փորձը կիսելիս ԼՈՖԹ-ի տնօրեն Արեւիկ Համբարձումյանը մասնակիցներին կոչ է արել թույլ չտալ, որ սեփական վախերը հաղթեն ու հետ պահեն հաջորդ քայլն անելու վճռականությունից:

Թումո Գյումրիի ղեկավար Նարե Ավագյանը, ով Հայաստանում ծնված լինելով՝ վաղ տարիքում տեղափոխվել է ԱՄՆ, ստացել կրթություն եւ որոշել վերադառնալ հայրենիք, վստահեցնում էր, որ պետք է հետեւողականորեն առաջ գնալ երազել-հավատալ-նվաճել ճանապարհով:

#LikeAGirl նախաձեռնությանը Գյումրիում ներկա էին մոտ 5 տասնյակ կանայք եւ աղջիկներ: Նախաձեռնության առաջին միջոցառումը կայացել էր հունվարին` Երեւանում: