11:57 | 05.03.19 | Նորություններ | 5373
IMEC գիտահետազոտական կենտրոնը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման եւ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Այս մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել IMEC-ի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցի շրջանակում:
IMEC-ը (Interuniversity Microelectronics Centre) միջազգային R&D եւ նորարարական կենտրոն է՝ մասնագիտացած նանոէլեկտրոնիկայի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտներում: Կենտրոնակայանը գտնվում է Բելգիայի Լյովեն քաղաքում: Կենտրոնն ունի շուրջ 2000 աշխատող եւ մասնաճյուղեր Նիդերլանդներում, Թայվանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում:
IMEC-ում իրականացվում են հետազոտություններ նոր սերնդի այնպիսի սարքերի ստեղծման ուղղությամբ, որոնք շուկա կարող են մտնել առաջիկա 10 տարիների ընթացքում: