12:15 | 14.02.19 | Նորություններ | 3188

«Կասպերսկի». ՀՀ-ում աճել է կրիպտոմայներների գրոհների ենթարկված օգտատերերի թիվը

2018թ. Հայաստանում օգտատերերի 13%-ի համակարգիչների վրա գրանցվել են մայներների տեղադրման թաքնված փորձեր՝ 2017թ. 9,3%-ի փոխարեն:

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով, Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ. կազմել է 6,73%, իսկ 2018թ. հասել է 9%: Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% եւ 7%։

2018թ. գրանցվել է 5,638,828 ունիկալ օգտատերերի համակարգիչների վրա մայներների տեղադրման փորձեր։ Գրոհների ընդհանուր ծավալում մայներների բաժինը կազմել է 8,50%, իսկ Risktool տիպի ծրագրերի թվում՝ 16,88։

Փորձագետները նշում են, որ թաքնված մայների տեղադրման դեպքում համակարգն ավելի դանդաղ է արձագանքում օգտատիրոջ գործողություններին, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը եւ տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, եւ էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։

Առանց օգտատիրոջ գիտության կրիպտոմայներների տեղադրումը կանխելու համար հարկ է հետեւել սարքի, համացանցի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի եւ մեսենջերների օգտագործման անվտանգության կանոններին, ինչպես նաեւ սարքում մշտապես օգտագործել հուսալի հակավիրուսային ծրագիր։